Մերձավոր Արևելք

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

3 րոպեի ընթերցում

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին և Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար Այման աս-Սաֆադին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ստեղծել անվտանգության համատեղ կոմիտե՝ պարզելու Հորդանանի կողմից Սիրիայի տարածքին ավիահարվածների բոլոր մանրամասներն ու փաստերը, ինչպես նա մշակելու մեխանիզմներ ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Կողմերը հաստատել են երկու եղբայրական երկրներին և ժողովուրդներին միավորող պատմական եղբայրական հարաբերությունների խորությունը և տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու և զարգացնելու ընդհանուր ձգտումը։

Աս-Սաֆադին ընդգծել է Հորդանանի լիակատար հարգանքը Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության, կայունության և քաղաքացիների անվտանգության նկատմամբ։

Նախարարները քննարկել են Հորդանանի զինված ուժերի կողմից «Իսլամական պետության» ահաբեկչական օբյեկտների դեմ իրականացված ռմբակոծությունների հետևանքները, որոնք աս-Սաֆադիի խոսքով՝ հիմնված են եղել հավաքագրված հետախուզական տվյալների վրա և նպատակ են ունեցել չեզոքացնել Հորդանանի անվտանգության դեմ սպառնալիքներն ու ահաբեկչական հարձակումները։ Նա խորը ափսոսանք և ցավ է հայտնել գործողությունների ընթացքում Սիրիայում անմեղ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի համար։

Երկու նախարարներն ընդգծել են ահաբեկչությանը հաղթելու և խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց համատեղ ջանքերի կարևորությունը։

Ավելի վաղ Սիրիան դատապարտել էր իր երկրի տարածքում հորդանանյան ուժերի ռազմական գործողություններն՝ առանց նախնական համաձայնեցման, որի հետևանքով զոհվել էր յոթ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա և մեկ կին, ևս 3 մարդ վիրավորվել էր։

Հոկտեմբերի 26-ին Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել են Սիրիայի հարավում գտնվող ծայրահեղական խմբավորումներին պատկանող թիրախների դեմ հարվածների մասին այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք կապված են Հորդանանի Քարաքի նահանգում գտնվող Համուդ գյուղի եկեղեցու վրա հարձակումն իրականացրած ահաբեկիչների հետ։ Հոկտեմբերի 23-ին հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ինը, վիրավորվել՝ 34 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում