Կատարի էմիրը Մոսկվայում հանդիպել է Իրանի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Մոսկվայում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Կողմերը քննարկել են Թեհրանի և Դոհայի միջև հարաբերությունների ներկա վիճակը։ Նրանք ընդգծել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու նպատակով առկա ներուժի օգտագործման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել էներգետիկ ոլորտում համագործակցությունը, տնտեսական ու առևտրային կապերի զարգացումը և գազ արտահանող երկրների միջև համակարգման ամրապնդումը։
Երկու առաջնորդների միջև հանդիպումը կայացել է Մոսկվայում ընթացող Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն բնական գազի դերը համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման և համագործակցության հետագա ամրապնդման գործում՝ վառելիքի համաշխարհային շուկաներ հուսալի մատակարարում ապահովելու համար: Վերջում նախատեսվում է ընդունել եզրափակիչ հռչակագիր։