Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ
2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայում հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ հիշեցնելով դրա սկզբնական պատճառների մասին…. Ընդգծվել է, որ արդար, երկարաժամկետ խաղաղության հասնելը հնարավոր է միայն Ռուսաստանի օրինական շահերը լիարժեք հաշվի առնելու դեպքում», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Նախագահը մատնանշել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առճակատման քաղաքականությունը, որը հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգման։
Նա նաև Ստուբին և Ստյորեին տեղեկացրել է Օլեշկիի շրջանում մարդասիրական գործողության մեկնարկի և Խերսոնի ուղղությամբ ժամանակավոր «լռության ռեժիմի» մասին։
Բացի այդ, առաջնորդները քննարկել են Բալթիկ ծովի և Եվրոպայի հյուսիսի տարածաշրջաններում անվտանգության ու կայունության ապահովման հարցերը։
Զրույցի արդյունքներով նրանք պայմանավորվել են հետագայում ևս պահպանել ուղիղ հեռախոսային շփումները։
Հոկտեմբերի 27-ին ավելի վաղ զրույցի մասին հաղորդել էր Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը։ Նշվել է, որ զրույցը տեղի է ունեցել Ստուբի և Ստյորեի նախաձեռնությամբ և նվիրված է եղել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի քննարկմանը։
Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ բանագնացը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ և բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ։
Բանակցությունների արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունները։ Առաջին նման հանդիպումը սպասվում է նոյեմբերի սկզբին Աբու Դաբիում։