Մոսկվայում անցկացվում է Գազ արտահանողների ֆորումը՝ Պուտինի, Փեզեշքիանի և այլ ղեկավարների մասնակցությամբ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Մոսկվայում ընթացող Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների և կառավարությունների ղեկավարների ութերորդ գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հանդիպումից առաջ տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողություն և խմբային լուսանկարվելու արարողություն։ Միջոցառումն անցկացվում է Մոսկվայի Առևտրի համաշխարհային կենտրոնում։
Պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն բնական գազի դերը համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման և համագործակցության հետագա ամրապնդման գործում՝ վառելիքի համաշխարհային շուկաներ հուսալի մատակարարում ապահովելու համար: Վերջում նախատեսվում է ընդունել եզրափակիչ հռչակագիր։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի նախագահը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Պուտինը նաև հանդիպումներ կունենա Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի, Մոզամբիկի նախագահ Դանիել Չապուի, Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյի և Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մուհամմադ ալ-Մանֆիի հետ։