Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է մոտ երեք ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում տեղի ունեցած հանդիպումը սկսվել էր Մոսկվայի ժամանակով 11։55-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները հիվանդության պատճառով անձամբ ներկա չի գտնվել հանդիպմանը, սակայն բանակցություններին միացել է հեռախոսով։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի նախագահի՝ օտար երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպման սկզբում, որը բաց էր լրագրողների համար, Պուտինը և Ուիթքոֆը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։