Եվրոպա

Մեծ Բրիտանիայում երկու անձի մեղադրանք է առաջադրվել Ֆեյրֆորդի ավիաբազայում միջադեպի հետ կապված

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում երկու անձի մեղադրանք է առաջադրվել Ֆեյրֆորդի ավիաբազայում միջադեպի հետ կապված

Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար՝ սեպտեմբերին Թագավորական ռազմաօդային ուժերի Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նրանցից մեկը կասկածվում է Իրանի հետախուզական ծառայությանն աջակցելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

24-ամյա Մոհմեդ Ահմադ Աբդուլքարիմին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա հետախուզական ծառայությանն աջակցելու համար՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Իսկ 24-ամյա Նուման Էսղիրին մեղադրանք է առաջադրվել Մեծ Բրիտանիայի շահերին վնաս հասցնելու նպատակով օգոստոսի 22-ին՝ Ֆեյրֆորդի միջադեպից մեկ ամիս առաջ, արգելված տարածք մուտք գործելու համար։ Նա ձերբակալվել էր սեպտեմբերի 27-ին՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ, այնուհետև գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հոկտեմբերի 20-ին՝ կրկին ձերբակալվել։

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի կողմից շահագործվող ավիաբազայի մոտ երեք կասկածելի մեքենա էր նկատվել։ Ոստիկանությունը մեքենաներում պայթուցիկ նյութեր չէր հայտնաբերել, սակայն առգրավել էր մեծ քանակությամբ բենզին։ Հետաքննության շրջանակում ձերբակալվել է ութ տղամարդ, որոնցից հինգը՝ ավիաբազայի մոտ, «Պայթուցիկ նյութերի մասին» օրենքով նախատեսված իրավախախտումներ կատարելու կասկածանքով։ Բոլոր ձերբակալվածները գրավի դիմաց ազատ էին արձակվել։

Նրանցից վեցը շարունակում են մնալ ոստիկանության հսկողության ներքո՝ գրավի դիմաց ազատ արձակվածի կարգավիճակով։

Իրանական ծագմամբ Բրիտանիայի 25-ամյա մեկ այլ քաղաքացի, որը նույնպես հոկտեմբերի 20-ին կրկին ձերբակալվել էր օտարերկրյա հետախուզական ծառայությանն աջակցելու կասկածանքով, այժմ ազատ է արձակվել. նրան մեղադրանք չի առաջադրվել։ Նա շարունակում է մնալ ոստիկանության հսկողության ներքո՝ գրավի դիմաց ազատ արձակվածի կարգավիճակով։ Նրան առաջին անգամ ձերբակալել էին հոկտեմբերի 1-ին՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով։

Իրանն ավելի վաղ հերքել է միջադեպին որևէ առնչությունը։

Ֆեյրֆորդի ավիաբազան տասնամյակներ շարունակ օգտագործվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ն այդ բազայից B-1 և B-52 ռմբակոծիչներ է ուղարկել Մերձավոր Արևելք այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հավանություն է տվել Վաշինգտոնի խնդրանքին՝ բազան օգտագործել Իրանի դեմ պաշտպանական հարվածներ իրականացնելու նպատակով։

Սեպտեմբերի միջադեպից հետո ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բազայից և վերադարձրել Միացյալ Նահանգներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում