Աշխարհ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

3 րոպեի ընթերցում

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտը և արաբական կուսակցությունների ղեկավարները դատապարտել են վարչապետ Բենիամին Նեթանյահուին ընտրություններից հետո օտարերկրյա միջամտության մասին հայտարարություններ անելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած կոալիցիան կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ 120-տեղանոց Քնեսեթում ստանալով 53 մանդատ։ Նրա մրցակից Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը ստացել է 48 մանդատ։

Արաբական երկու կուսակցությունները՝«Միացյալ ցուցակ»-ը և «Ռաամ»-ը, գերազանցել են սպասելիքները՝ արաբ ընտրողների մասնակցության կտրուկ աճի արդյունքում ստանալով ռեկորդային 19 մանդատ։ Սա նրանց դարձնում է հնարավոր վճռորոշ ուժ խորհրդարանական մեծամասնության ձևավորման հարցում։

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն Իսրայելի արաբական կուսակցություններին մեղադրել է ընտրությունները «գողանալու» մեջ։ Իսրայելի ներքին անվտանգության ծառայությունը՝ «Շին Բեթ»-ը, հետաքննում է՝ արդյոք նրանք ապօրինի ֆինանսավորում են ստացել Կատարից և Թուրքիայից։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ «անհեթեթ և վտանգավոր» մեղադրանքները՝ իսրայելցի քաղաքական գործիչներին մեղադրելով Դոհայի դեմ ապատեղեկատվական արշավ իրականացնելու համար։

Հոկտեմբերի 29-ին «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է, թե ընտրողները «կաշառվել են» արաբական կուսակցություններին քվեարկելու համար։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավարը դիմել է «Շին Բեթ» անվտանգության ծառայությանը՝ օտարերկրյա միջամտության վերաբերյալ «լուրջ կասկածները» հետաքննելու խնդրանքով։

Երկու արաբական կուսակցություններն էլ կտրականապես մերժել են այդ պնդումները։

Նեթանյահուի քննադատներն այս տարաձայնությունները դիտարկում են որպես արաբական կուսակցություններին ոչ լեգիտիմ ներկայացնելու փորձ, որի նպատակն է քաղաքականապես անհնար դարձնել Այզենկոտի համագործակցությունը նրանց հետ։

«Շին Բեթ»-ը պարզաբանել է, որ իր հետաքննությունը չի առնչվում մի ամբողջ համայնքի, որը քվեարկել է օրինական ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ԿԸՀ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դին Լիվնեն հայտարարել է, որ ընտրությունների համակարգված խախտումների մասին մեղադրանքների համար «որևէ հիմք չկա»։

Այզենկոտն իր հերթին հայտարարել է, որ «դեռ վաղ է եզրակացնել, թե ինչ է տեղի ունեցել, կամ արդյոք ընդհանրապես որևէ բան տեղի ունեցել է»։ Նա Նեթանյահուին մեղադրել է «ընտրությունների արդյունքները ոչ լեգիտիմ ներկայացնելու նպատակով համակարգված և կազմակերպված արշավ իրականացնելու» համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում