Հրապարակվել են Իսրայելում քվեների 90%-ի հաշվարկի արդյունքները
2 րոպեի ընթերցում

Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է. ըստ նախնական տվյալների՝ գործող վարչապետի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն նրան չի հաջողվել մեծամասնություն ստանալ Քնեսեթում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Քվեների մոտ 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում կստանա 53 տեղ։
Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, ստացել է 48 մանդատ։
Արաբական երկու կուսակցություններն, ըստ նախնական արդյունքների, կստանան մնացած 19 մանդատները։ Սա պատմական արդյունք է համարվում նրանց համար։
Այսպիսով, թեկնածուներից ոչ ոք չի ստացել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ։
Թե՛ Նեթանյահուն, թե՛ Այզենկոտը հայտարարել են, որ կփորձեն իշխող կոալիցիա կազմել։
Վերջնական արդյունքների հրապարակումից հետո նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական խմբակցությունների հետ և կոալիցիա կազմելու առաջարկ կանի այն առաջնորդին, որը, նրա կարծիքով, դա անելու ավելի մեծ շանս ունի։ Այս գործընթացը կարող է շաբաթներ տևել։ Իսկ եթե կոալիցիա կազմել չհաջողվի, ապա Իսրայելում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։