Պուտինը Մասկին անվանել է «իրական հանճար»՝ նշելով, որ իրենք կապ են պահպանում
2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի միլիարդատեր, SpaceX ավիատիեզերական ընկերության հիմնադիր Իլոն Մասկին անվանել է հանճարեղ մարդ՝ նշելով, որ ռուսական կողմը նրա հետ կապ է պահպանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նշվում է, որ Պուտինն այս մասին հայտարարել է «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակում ցուցահանդես այցի ժամանակ։
«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է, իսկապես հանճարեղ։ Ուղեծրում նա քանի՞ սարք ունի։ Ավելի քան 5000։ Իսկ մենք դեռ միայն առաջին քայլերն ենք անում», - ասել է նա՝ նկատի ունենալով ռուսական «Ռասսվետ» արբանյակային խմբավորումը։
«Բայց մենք հպարտանում ենք նրանով, որ սկսել ենք դա անել և սկսել ենք անել ինքնուրույն։ Մենք սերտ կապի մեջ ենք մեր ամերիկացի գործընկերների, այդ թվում՝ պարոն Մասկի հետ, քանի որ ուղեծրում շատ կարևոր է միմյանց չխանգարելը, որոշակի կարգապահություն և կարգուկանոն պահպանելը», - հավելել է Պուտինը։
Նա նշել է, որ ՌԴ-ն սերտորեն աշխատում է ամերիկացի գործընկերների հետ՝ չնայած քաղաքական բնույթի տարբեր հարցերին։
Պուտինի հայտարարությունը հնչել է հոկտեմբերին ռուս-ուկրաինական հակամարտության գոտում SpaceX-ին պատկանող Starlink արբանյակային կապի համակարգի աշխատանքի խափանումների մասին տեղեկությունների ֆոնին։ Կիևը հայտարարել էր, որ դրա հետևանքով խափանվել են Ուկրաինայի զինված ուժերի որոշ ռազմական գործողություններ։
Մասկը հայտարարել է, որ Starlink-ը չի կարելի կիրառել միանշանակ հարձակողական հարվածների համար, քանի որ այդ դեպքում համակարգը դառնում է պատասխան հարվածի օրինական թիրախ։