Իրան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

2 րոպեի ընթերցում

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել է ռուսական անձնակազմի՝ Բուշերի ատոմակայան վերադարձի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երեկ այս թեման քննարկվել է Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի և Իրանի նախագահ պարոն Փեզեշքիանի միջև», - Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Լիխաչովը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո անվտանգության նկատառումներով «Ռոսատոմ»-ը Բուշերի ատոմակայանից տարհանել էր իր հարյուրավոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին: Կայանում մնացել էր միայն նվազագույն թվով անձնակազմ։

Բուշերի ատոմային էլեկտրակայանը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափամերձ շրջանում։

Կրեմլի հաղորդագրության համաձայն, որը տարածվել է հոկտեմբերի 27-ին, Պուտինը Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ նաև նշել է, որ Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է։

Բացի այդ, ՌԴ նախագանը նշել է, որ ռուս-իրանական առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին ութ ամիսներին աճել է 10,4 տոկոսով:

Փեզեշքիանն իր հերթին բարձր է գնահատել  առևտրային համագործակցության զարգացումը։ Նրա խոսքով՝ ամերիկացիների կողմից տարածաշրջանում ագրեսիվ քայլերի ձեռնարկումից հետո պարզ է դարձել, որ անհրաժեշտ է աշխատել բազմաբևեռ աշխարհ ձևավորելու համար։

«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք աշխատել տարածաշրջանում մեր առջև ծառացած բոլոր խնդիրների վրա. մենք ունակ ենք լուծելու մեր բոլոր խնդիրները, բոլոր տարածաշրջանային հարցերն՝ առանց ԱՄՆ-ի», - նշել է Փեզեշքիանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում