Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարները Զելենսկուն հայտնել են Պուտինի հետ իրենց զրույցի մանրամասները
2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայի էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում լարվածության թուլացմանն ուղղված քայլերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
«Ալեքսն ու Յոնասը Ռուսաստանի ղեկավարին հստակ ասել են, որ լարվածության թուլացմանն ուղղված իրական քայլեր են անհրաժեշտ մեր էներգետիկ համակարգի և ենթակառուցվածքների համար», - նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա հավելել է, որ եվրոպացիների հետ քննարկել է եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը պլանավորված է անցկացնել նոյեմբերին՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի թիմերի մակարդակով։
«Ֆինլանդիան և Նորվեգիան, որպես Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ, առանձնահատուկ շահագրգռվածություն ունեն անվտանգության ոլորտում ճիշտ և հուսալի լուծումների հարցում», - ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ քննարկվել են նաև եվրոպացի գործընկերների հետ Ուկրաինայի փոխգործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգտակար լինել «դիվանագիտության հետագա աջակցության, պաշտպանության և համատեղ անվտանգության համար»։
Հոկտեմբերի 27-ին ավելի վաղ Պուտինի հետ Ստուբի ու Ստյորեի հեռախոսազրույցի մասին հայտնել էր նաև Կրեմլի մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմը և դրա ավարտի հնարավոր ուղիները։
Զրույցից առաջ Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները խորհրդակցել են Կիևի հետ՝ Աբու Դաբիում նախատեսված հաշտության եռակողմ բանակցությունների նախաշեմին Ուկրաինայի դիրքորոշումը փոխանցելու նպատակով։