Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը
2 րոպեի ընթերցում

Իսրայելում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն նրան չի հաջողվել ստանալ Քնեսեթում մանդատների մեծամասնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Նշվում է, որ ձայների մոտ 42%-ի հաշվարկի տվյալներով՝ «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում ստանում է 57 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը, որոնք գլխավորում է Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, ստացել են 47 մանդատ։ Արաբական կուսակցություններն, ըստ նախնական արդյունքների, կստանան մնացած 16 մանդատները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուի հաջողությունը վերագրել է իր աջակցությանը։
«Երբ նախագահ Թրամփն աջակցություն հայտնեց Բիբի Նեթանյահուին, իրավիճակն ամբողջությամբ փոխվեց։ Եվ այժմ, հզոր վարչապետի վճռական պարտության փոխարեն, կարծես թե ականատես ենք լինում նրան, որ Նեթանյահուն կարող է հասնել ձայների հավասարեցման փակուղու կամ նույնիսկ՝ հաղթանակի։ Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրան աջակցություն հայտնեց նախագահ Թրամփը, որը ցանկանում է միայն այն, ինչը լավ է Մերձավոր Արևելքի, Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», - Truth Social հարթակում գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահը։