Միացյալ Նահանգներ

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

3 րոպեի ընթերցում

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «անընդունելի» և «սխալ» է անվանել նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, որ Միացյալ Նահանգներում դիզելի գինը բարձրանում է ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Diary of a CEO» փոդքասթին տված հարցազրույցում:

Զելենսկու պնդմամբ՝ Ռուսաստանից ԱՄՆ դիզելային մատակարարումներն այնքան աննշան են, որ դիզվառելիքի արտահանումը «զրո ազդեցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում գների վրա»:

«Դա բացարձակապես կեղծ տեղեկություն է։ Սա՝ առաջինը։ Երկրորդ՝ մեզ համար անիմաստ է հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մենք պատասխան հարվածներ ենք հասցնում, քանի որ նրանք հարվածում են մեր էներգետիկ ենթակառուցվածքներին», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հայտնել է, որ Թրամփին խնդրել է էներգետիկ հրադադար հաստատել, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է էներգետիկ հրադադարի Թրամփի առաջարկը:

«Եվ այսպես, նախագահը որոշեց այս խնդրի պատասխանատվությունը դնել ոչ թե Պուտինի, այլ ինձ վրա՝ իր ժողովրդին բացատրելով, որ դրա պատճառով Ամերիկայում դիզելային վառելիքի գինը բարձրանում է։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Եվ ես չեմ հասկանում։ Ես լավ հարաբերություններ ունեմ Թրամփի հետ և կարծում եմ՝ սխալ և անընդունելի է, որ նա Ռուսաստանի ագրեսիայի և Ռուսաստանի կողմից մարդկանց սպանությունների պատասխանատվությունը դնում է ինձ վրա։ Նա փոխում է համատեքստը, և դա արդարացի չէ», - նշել է Զելենսկին։

Նրա պնդմամբ՝ դիզելային վառելիքի բարձր գնի պատճառը իրավիճակն է Հորմուզի նեղուցում, որտեղ արգելափակված է մեծ քանակությամբ վառելիք:

Զելենսկին նշել է նաև, որ Թրամփից հակաօդային պաշտպանության հրթիռներ է խնդրել, որոնց համար կվճարի Եվրոպան, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է դրանք տրամադրել Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով:

Ուկրաինայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Թրամփը կարող է շատ հեշտությամբ Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դժվարացել է ասել, թե ինչու դա տեղի չի ունենում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից միջուկային հարվածի հնարավորությանը, Զելենսկին բացառել է դա՝ նշելով, որ այդ դեպքում Մոսկվան կզրկվեր իր բոլոր դաշնակիցներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում