Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink արբանյակային ինտերնետ կապին։ Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք այդ հարցի շուրջ խոսել է միլիարդատիրոջ հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
The Wall Street Journal-ը հոկտեմբերի 22-ին հաղորդել էր, որ Թրամփը զանգահարել է Մասկին և խնդրել վերացնել Ուկրաինայի կողմից Starlink-ի օգտագործման սահմանափակումները։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել՝ արդյոք ես եմ զանգահարել, թե մեկ ուրիշն է զանգահարել։ Կարծում եմ՝ որևէ տարբերություն չկա։ Կարևորն այն է, որ նա վերականգնել է դա», - լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսել է Մասկի հետ։
Ուկրաինան Starlink-ն օգտագործում է ռազմադաշտում հաղորդակցության և անօդաչու թռչող սարքերի գործողությունների համար։ Արբանյակային ծառայության սահմանափակումը խոչընդոտել էր Ռուսաստանի դեմ պատերազմում երկրի հարձակողական և հակաօդային պաշտպանության ԱԹՍ-ների առաքելություններին։
WSJ-ն, վկայակոչելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Starlink համակարգը հոկտեմբերի 22-ին՝ Թրամփի և Մասկի զրույցից կարճ ժամանակ անց, սկսել էր ավելի լավ աշխատել։ Ուկրաինացի որոշ պաշտոնյաներ թերթին հայտնել էին, որ համակարգի լիարժեք աշխատանքը չի վերականգնվել, սակայն բարելավվել է։
Թրամփն ավելի վաղ հերքել էր, որ մասնակցություն է ունեցել Starlink-ի արագության նվազեցման վերաբերյալ որոշման կայացմանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 21-ին լրագրողներին ասել էր, որ Ուկրաինայի՝ Starlink-ից օգտվելու հնարավորությունը կախված է դրա մայր ընկերությունից՝ SpaceX-ից, և Իլոն Մասկից, այլ ոչ թե Սպիտակ տնից։
Օրեր առաջ Մասկը հայտարարել էր, որ Starlink-ի ռազմական նշանակության Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ կառավարությունը: