Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին
2 րոպեի ընթերցում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink արբանյակային ինտերնետ կապի տերմինալների աշխատանքի արագությունն ուկրաինացի զինվորականների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը։
Բեսկրեստնովը հաստատել է, որ հոկտեմբերի 14-ի գիշերը SpaceX ընկերությունը սահմանափակում է մտցրել շարժման ընթացքում Starlink-ի տերմինալների աշխատանքի արագության նկատմամբ։
«Այս պահին սահմանափակումը վերաբերում է StarShield ծառայության «ռազմական փաթեթին», և արագության շեմը սահմանվել է ժամում 100 մղոն (խմբ.՝ մոտ 161 կմ/ժ)։ Մեր պաշտպանության ուժերը որևէ նախազգուշացում չեն ստացել այս սահմանափակման մասին, ինչի հետևանքով մի շարք առաքելություններ խափանվել են», - հայտնել է Բեսկրեստնովը, որն Ուկրաինայի նախագահի՝ պաշտպանության տեխնոլոգիական ուղղությունների զարգացման հարցերով խորհրդականն է։
Նա չի բացառել, որ այս քայլը պատահականություն չէ և «կապված է ներկայիս քաղաքական իրավիճակի հետ»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերի 14-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռով նպատակային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Նրա խոսքով՝ այդ հարվածը ցույց է տվել, որ ռուսական կողմն անտեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարը։
Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական կողմը, ինչպես հոկտեմբերի 13-ին, հոկտեմբերի 14-ի գիշերը ևս դաշնակիցներից հետախուզական տվյալներ չի ստացել հարձակման մասին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ հոկտեմբերի 9-ին Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում Թրամփի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, սպառնացել են դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։
Հոկտեմբերի 13-ին Թրամփը հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայի հետ կիսվել հետախուզական տվյալներով։