Միացյալ Նահանգներ

Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատ է ներկայացվել հանրագիր՝ Օտտավայում ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային հետ կանչելու պահանջով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ փաստաթուղթը ներկայացրել է Կանադայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Մեյը։

Դրանում ընդգծվում է, որ երկրի իշխանությունները պետք է «պաշտոնապես պերսոնա նոն գրատա հայտարարեն Փիթ Հուկստրային» և հասնեն Միացյալ Նահանգներ նրա վերադարձին։ Ինչպես նշված է հանրագրում, Հուկստրան «բազմիցս արել է հրապարակային հայտարարություններ, որոնք խաթարում են» երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները։

Նշվում է, որ դեսպանը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Կանադան «51-րդ նահանգ» դարձնելու մասին, միջամտել է երկրի ներքին քաղաքականությանը և շփումներ ունեցել Կանադայում գործող անջատողական շարժումների հետ։

Փաստաթուղթը հուլիսի 21-ից մինչև նոյեմբերի 18-ը ստորագրել են Կանադայի շուրջ 286 000 բնակիչներ։ Այժմ Կանադայի կառավարությունը պետք է պաշտոնական պատասխան տա հանրագրին, բայց պարտավոր չէ կատարել դրանում շարադրված պահանջները։

Թրամփն ավելի վաղ բազմիցս կոչ է արել, որ Կանադան մտնի Միացյալ Նահանգների կազմ։ Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին կոչել է նահանգապետ:

Քարնին սեպտեմբերի վերջին The New York Times-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Կանադայի իշխանությունները վերջին տարվա ընթացքում պատրաստվել են ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ներխուժման, թեև իրադարձությունների այդ զարգացումը համարել են քիչ հավանական։ ԱՄՆ-ն և Կանադան նաև սահմանել են փոխադարձ մաքսատուրքեր: Քարնին  նշել է, որ երկրների միջև «առևտրային պատերազմ» է ընթանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում