Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահն ընդգծել է արտերկրում բուլղարագիտությունն առաջ մղելու կարևորությունը. BTA
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարագիտությունը կամուրջ է դեպի ժամանակակից աշխարհ, հայտարարել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահ Էվելինա Սլավչևան «Բուլղարագիտությունը ժամանակակից աշխարհում. խնդիրներ և մարտահրավերներ» եռօրյա միջազգային ֆորումի բացման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA)։
Նա նշել է, որ բուլղարագիտությունը շատ ավելին է, քան պարզապես ակադեմիական գիտակարգ. այն հոգևոր շարունակականության, մշակութային հիշողության և ազգային ինքնության տարածք է։
Սլավչևան ընդգծել է «Արտերկրում բուլղարագիտության զարգացում և խթանում» ազգային գիտական ծրագրի ներդրումը, որը 2022-2026 թվականներին միավորել է Բուլղարիայի առաջատար գիտական և կրթական հաստատությունները՝ միջազգային գործընկերություններն ընդլայնելու, բուլղարագիտության ոլորտում մասնագիտացած երիտասարդ գիտնականներին աջակցելու և կրթական ռեսուրսները զարգացնելու համար։
Նա նաև ընդգծել է բուլղարագիտության մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերն ավելի ակտիվորեն առաջ մղելու և միջազգային բակալավրիատի և ասպիրանտուրայի ուսանողների, այդ թվում՝ արտերկրում բնակվող բուլղարական ծագում ունեցող երիտասարդների ընդունելության պայմանները բարելավելու անհրաժեշտությունը։
Միջազգային ֆորումը, որը միավորում է 20 երկրից մոտ 150 հետազոտողների, դասախոսների և մասնագետների, տեղի կունենա մինչև նոյեմբերի 28-ը։
Ֆորումը կազմակերպվում է «Արտերկրում բուլղարագիտության զարգացում և խթանում» ազգային գիտական ծրագրի շրջանակներում, որը Նախարարների խորհրդի որոշմամբ ֆինանսավորվում է Կրթության և գիտության նախարարության կողմից: