Իրան

Իրանը հերքել է առնչությունը Քուվեյթի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը՝ դա համարելով պատերազմ սկսելու համար մշակված սցենար

2 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է առնչությունը Քուվեյթի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը՝ դա համարելով պատերազմ սկսելու համար մշակված սցենար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Քուվեյթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով Իտալիայի երկու քաղաքացի է զոհվել, կասկածելի է համարել և հայտնել Քուվեյթի և Իտալիայի իշխանությունների հետ միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

Նա նշել է, որ Իտալիայի և Քուվեյթի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ։

«Միջադեպը կասկածներ է հարուցում և, կարծես, պատերազմի համար նախապես մշակված սցենար լինի։ Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի և Իտալիայի հետ՝ միջադեպի պատճառները պարզելու համար», - գրել է նա։

Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին հերքել էր Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն, և ընդգծել, որ Իսլամական Հանրապետությունը որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ և պատասխանատվություն չի կրում դրա համար։

Իրանի զինված ուժերը նույնպես հերքել են առնչությունը Քուվեյթում անօդաչուների հարվածներին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանում որևէ ռազմական կամ հարձակողական գործողություն չեն իրականացրել», - հայտարարել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրանական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով գերմանական Rheinmetall ռազմարդյունաբերական ընկերության երկու աշխատակից է զոհվել՝ իտալացի տեխնիկներ։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում