Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին
2 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում բողոքի ակցիա է տեղի ունեցել երկրի վարչապետ Ալի ազ Զեյդիի որոշման դեմ՝ դաշնային զորքեր տեղակայել Իրաքյան Քրդստանում՝ պաշտպանելու ինքնավար շրջանում Իրաքի միջազգային սահմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նոյեմբերի 25-ին Իրաքի բարձր ատյանի դատարանը որոշել էր, որ Բաղդադը կարող է դաշնային զորքեր տեղակայել Իրաքի բոլոր միջազգային սահմաններին, այդ թվում՝ Քրդստանի ինքնավար նահանգում:
Նոյեմբերի 24-ին Ալի ազ Զեյդին հրահանգել էր վերահսկողության տակ վերցնել Քրդստանի սահմանային անցակետերը և նավթահանքերը:
Նոյեմբերի 23-ին Իրաքի նավթի նախարար Բասեմ Խուդեյրը Իրաքյան Քրդստանի իշխանություններին մեղադրել է դաշնային North Oil Company ընկերությանը պատկանող նավթահանքերի նկատմամբ ոչ իրավազոր վերահսկողություն իրականացնելու մեջ և պահանջել է դրանք վերադարձնել կենտրոնական վարչակազմի կառավարման ներքո։ Նա նշել է, որ հետաքննությունը թույլ է տվել հաստատել Իրաքի հյուսիսային նավթահանքերից նավթի մաքսանենգության դեպքերը։
Քրդստանի նահանգային իշխանությունները քննադատել են Բաղդադի ձեռնարկած քայլերը: Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին հայտարարել է, որ կենտրոնական իշխանությունների քայլերը հակասում են Բաղդադի հետ իրենց վարած բանակցությունների ժամանակ հնչեցված լուծումներին:
2003 թվականին ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից ի վեր հողերի և բնական պաշարների նկատմամբ վերահսկողության հարցը դարձել է Իրաքի քրդերի և կենտրոնական իշխանությունների հարաբերությունների ամենաբարդ խնդիրներից մեկը։
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պնդում են, որ երկրի Սահմանադրությունը թույլ է տալիս իրենց առևտրային գործարքներ կնքել՝ առանց Բաղդադի հավանության, մինչդեռ դաշնային իշխանություններն այդ գործելակերպն անօրինական են համարում։ Տարաձայնությունները երբեմն հանգեցրել են նրան, որ կենտրոնական կառավարությունը պահել է դաշնային բյուջեից Իրաքյան Քրդստանին հատկացվելիք միջոցների մի մասը։