Եվրոպա

ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումը

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է նոյեմբերի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովի օրակարգը, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում է 2028-2034 թթ. միության երկարաժամկետ բյուջեին (Multiannual Financial Framework, MFF) և 2027 թ. Ուկրաինայի ֆինանսավորմանը։

«Հանդիպման նախաշեմին ես ներկայացրել եմ համալիր առաջարկ, որը, հուսով եմ, դուք կքննարկեք փոխզիջման ոգով։ Մենք բոլորս պատասխանատու ենք հավասարակշռված լուծում գտնելու համար, որը թույլ կտա Եվրոպական միությանը հաղթահարել առաջիկա մարտահրավերները՝ բարձրացնել մրցունակությունը, ամրապնդել անվտանգությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև առաջ մղել Եվրոպայի շահերը համաշխարհային ասպարեզում՝ միաժամանակ պահպանելով քաղաքական այն ուղղությունները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Կոշտան  Եվրոպական խորհրդի նիստին մասնակցելու հրավեր-նամակում, որն ուղղել է ԵՄ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներին։

Կոշտան նշել է, որ իր ներկայացրած բյուջեի նախագիծը 10%-ով փոքր է Եվրոպական հանձնաժողովի նախնական առաջարկից։ Ընթացիկ գներով կրճատումը կազմում է 204 միլիարդ եվրո, ինչը, նրա կարծիքով, «թույլ կտա ազգային վճարները պահպանել ընդունելի մակարդակի վրա»։

Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկը փոխզիջում գտնելու փորձ է մի քանի ամիս շարունակվող վեճերի պայմաններում: Մի կողմում «խնայող» երկրներն են՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Նիդեռլանդներ, Ֆինլանդիա և Շվեդիա, որոնք պահանջում են չուռճացնել ընդհանուր ծախսերն ու ազգային վճարումները։ Մյուս կողմում Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրներն են, որոնք պնդում են պահպանել ավանդական սուբսիդիաները ֆերմերների և աղքատ տարածաշրջանների համար։

ԵՄ-ի երկրների ղեկավարները կքննարկեն նաև, թե ինչպես միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ապահովել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2027 թ. և դրանից հետո։ Նրանք կքննարկեն նաև Եվրոպական հանձնաժողովի՝ նոյեմբերի 18-ի առաջարկը, որը նախատեսում է 2027 թ. Ուկրաինային հատկացնել մինչև 45 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ ի լրումն 2026-2027 թթ. ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկային աջակցության ծրագրի, որի ծավալը կազմում է 90 միլիարդ եվրո։

ԵՄ-ի անդամ պետությունների ղեկավարները քննարկման են ներկայացնելու նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարության հարցը՝ կապված այն հանգամանքի հետ, որ ԵԿԲ-ի նախագահ Քրիստին Լագարդը վաղաժամկետ լքում է իր պաշտոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում