Եվրոպա

Որպեսզի ձևավորենք ավելի անվտանգ ու խաղաղ տարածաշրջան, պետք է առաջին հերթին աշխատենք ժողովրդավարությունն ամրապնդելու վրա. Արմինե Մարգարյան

5 րոպեի ընթերցում

Որպեսզի ձևավորենք ավելի անվտանգ ու խաղաղ տարածաշրջան, պետք է առաջին հերթին աշխատենք ժողովրդավարությունն ամրապնդելու վրա. Արմինե Մարգարյան

Արևելյան գործընկերության շրջանակում Քիշնևում կայացած քաղհասարակության միջազգային համաժողովի պանելային քննարկումներից մեկն էլ կրում էր «Խաղաղության և անվտանգության ապագան Արևելյան գործընկերությունում» խորագիրը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ քննարկմանը մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակ, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը։

Անվտանգային խնդիրներին առնչվող քննարկման համատեքստում նշվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված ընթացիկ ջանքերը հնարավորություն են ստեղծում՝ ամրապնդելու տարածաշրջանային կայունությունը Հարավային Կովկասում, մինչդեռ Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հասնելու, ինչպես նաև հակամարտության կարգավորման պայմանների առումով պահպանվում է զգալի անորոշություն։ Մոլդովան իր հերթին շարունակում է բախվել անվտանգային ռիսկերի՝ կապված Մերձդնեստրյան չկարգավորված հակամարտության հետ, իսկ Վրաստանը կրում է ռուս-վրացական հակամարտության հետևանքները։

Քննարկման ընթացքում դիտարկվեցին այն պայմանները, որոնք անհրաժեշտ են Արևելյան գործընկերության տարածաշրջաններում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար։ Ինչպե՞ս կարող են երկրներն ամրապնդել իրենց դիմակայունությունը ռազմական և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով ժողովրդավարական կառավարումն ու օրենքի գերակայությունը, կամ ի՞նչ դեր կարող է ունենալ քաղհասարակությունը  երկխոսության խթանման, վստահության ամրապնդման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակում կայուն խաղաղության գործընթացներին նպաստելու գործում։

«Իմ ելույթի հիմնական ուղերձն այն էր, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխկապակցված են և չեն կարող հակադրվել։ Որպեսզի մենք կարողանանք ձևավորել ավելի անվտանգ ու խաղաղ տարածաշրջան, ապա պետք է առաջին հերթին աշխատենք ժողովրդավարությունն ամրապնդելու վրա։ Այդ առումով անհրաժեշտ է իրականացնել համահասարակական և համակառավարական մոտեցումների սինխրոնացում։ Պետք է առկա լինի նաև հասարակական համախմբվածությունը»,- ասաց Մարգարյանը։

Քննարկման ժամանակ հայ պատվիրակն ընդգծեց, որ ներկայիս բավականին հեղhեղուկ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում շատ կարևոր է, որպեսզի հասարակություններն ադապտացվեն առկա իրողություններին։

«Դա մեզ հնարավորություն կտա մեր գործելու դաշտն ընդլայնել։ Իմ ելույթում հատուկ շեշտեցի Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը՝ մատնանշելով այն զարգացումները, որոնք նախորդել էին այդ առաքելության տեղակայմանը։ Խոսքը վերաբերում է 2020 թվականի պատերազմին, դրանից հետո ադրբեջանական ներխուժումներին, որոնց արդյունքում օկուպացվել են Հայաստանի որոշ տարածքներ, ինչպես նաև մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հակասական վարքագծին։ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության տեսանկյունից»,- ասաց Մարգարյանը։

Քննարկման ընթացքում նա կարևորեց նաև եվրոպական գործընկերության առաքելության տեղակայումը Հայաստանում, որն օգնում է դիմադրել ու դիմակայել, ինչպես նաև սովորել, թե ինչպես պետք է պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։

«Քննարկման բոլոր մասնակիցները հատկապես ընդգծեցին, որ կան անվտանգության տարբեր բաղադրիչներ, որոնք հիբրիդային սպառնալիքներին առնչվելուց զատ, վերաբերում են նաև արտաքին տեղեկատվական միջամտությունների փորձերին։ Հայաստանն այսօր էլ շարունակում է ենթարկվել անվտանգային այդ ռիսկերին։ Անկախ աշխարհագրությունից՝ բոլոր մասնակիցները շեշտեցին, որ ներկայիս անվտանգային ռիսկերը բազմաշերտ են, որոնց դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է ձևավորել համահասարակական դիմակայունություն»,- ասաց Մարգարյանը։  

Նա հավելեց, որ պանելային քննարկման մասնակիցները հստակ գիտակցում էին, թե որքան կարևոր գործընկեր է ԵՄ-ն Հայաստանի համար, և որքան կարևոր է արտաքին կապերի դիվերսիֆիկացիան։    

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում