Հայաստան

Հայ գործընկերները բոլորիս ոգեշնչեցին այն արշավով, որի համար պարգևատրվեցին․ Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար

6 րոպեի ընթերցում

Հայ գործընկերները բոլորիս ոգեշնչեցին այն արշավով, որի համար պարգևատրվեցին․ Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար

Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Իվոնա Պիորկոն Արևելյան գործընկերության շրջանակում Քիշնևում կայացած քաղհասարակության միջազգային համաժողովի ընթացքում դրվատանքով խոսեց միջոցառմանը մասնակից հայկական պատվիրակության ներկայացուցիչների մասին՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Իվոնա Պիորկոն իր ելույթի սկզբում երախտիքի խոսք հղեց բոլոր ներկաներին՝ անդրադառնալով նաև հայկական պատվիրակությանը։  

«Նրանք ոգեշնչեցին մեզ բոլորիս այն արշավով, որի համար պարգևատրվեցին Քիշնևում։ Իսկ նրանց, ովքեր երեկ մեզ հետ չէին, խորհուրդ եմ տալիս կրկին դիտել հայկական պատվիրակության ելույթը։ Նրանց համար, ովքեր լսեցին այն, սա երկար տարիներ կմնա որպես ոգեշնչման աղբյուր»,- նշեց Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նա շեշտեց, որ համաժողովը կայանում է Եվրոպայի համար վճռորոշ մի պահի, քանի որ  ռուս-ուկրաինական պատերազմը հիմնովին փոխել է Եվրոպայի անվտանգային պատկերը։

«Եվրամիության ընդլայնումը ձեռք է բերել նոր ռազմավարական նշանակություն։ Խոսքը պարզապես Միության ընդլայնման մասին չէ, այլ Եվրոպայի ապագան ապահովելու՝ մասին է։ Միաժամանակ, Արևելյան գործընկերությունը մնում է կարևոր շրջանակ՝ Եվրոպական միությունն ու նրա արևելյան գործընկերներին ավելի մերձեցնելու համար։ Արդեն բավականին ժամանակ է, ինչ Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը գնալով ավելի մեծ կարևորություն, բովանդակություն և ազդեցություն է ձեռք բերում։ Մենք աջակցել ենք ժողովրդավարական բարեփոխումներին, խրախուսել համագործակցությունը և ստեղծել հնարավորություններ քաղաքացիների ներգրավման համար։ Եվ այսօր Արևելյան գործընկերության երկրները, ըստ էության, Եվրոպական միության հետ ունեն տարբեր բնույթի հարաբերություններ։ Ընդլայնումն ու Արևելյան գործընկերությունը մրցակցային գործընթացներ չեն, այլ՝ փոխլրացնում են միմյանց»,- ասաց Պիորկոն։

Նրա դիտարկմամբ՝ ընդլայնումը ԵՄ անդամակցության հասնելու կառուցվածքային ուղի է առաջարկում, մինչդեռ Արևելյան գործընկերությունը շարունակում է ապահովել քաղաքական երկխոսության, գործնական համագործակցության և հասարակությունների միջև կապերի հաստատման շրջանակ՝ անկախ առանձին գործընկերների ձգտումներից կամ ԵՄ-ի հետ նրանց հարաբերությունների ներկա վիճակից։

«Քաղաքացիական հասարակությունը  միշտ եղել է այս գործընկերության առանցքում։ Մոլդովայի եվրոպական ուղին ցույց է տալիս, թե ինչպես կարող են բարեփոխումները, եվրոպական ինտեգրումը և չափազանց ակտիվ քաղաքացիական հասարակությունը փոխադարձաբար ուժեղացնել միմյանց։ Չնայած աննախադեպ մարտահրավերներին, հիբրիդային սպառնալիքներին և երկիրն ապակայունացնելու հետևողական փորձերին՝ Մոլդովան շարունակել է առաջ շարժվել իր եվրոպական ուղով»,- նշեց Պիորկոն։

Նրա պնդմամբ՝ ԵՄ անդամակցությանն ուղղված առաջընթացը չի չափվում միայն բացված ու փակված բանակցային գլուխների քանակով կամ նմանատիպ այլ ցուցանիշներով, այլ ամենից առաջ չափվում է բարեփոխումների խորությամբ և այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենում մարդկանց կյանքում։

«Անկախ դատական ​​համակարգ (ինչը դեռևս պակասում է շատ տեղերում), հաշվետու հաստատություններ, տնտեսական արդար հնարավորություններ․ սրանք պարզապես ԵՄ անդամակցության պայմաններ չեն։ Դրանք ուժեղ և ժողովրդավարական հասարակության հիմքերն են։ Եվ քաղաքացիական հասարակությունն անփոխարինելի դեր է խաղում դրա իրագործման գործում։ Մոլդովայում քաղհասարակության կազմակերպություններն աջակցում են համայնքներին, խթանում ներառականությունը, վերահսկում բարեփոխումների իրականացումը և ապահովում հաստատությունների հաշվետվողականությունը, քանի որ հաստատությունները պետք է հաշվետու լինեն նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը դառնում է առավել քան երբևէ ժողովրդավարական։ Ուստի ես քաջալերում եմ նրանց՝ շարունակելու իրենց գործունեությունը»,- ասաց Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նրա համոզմամբ՝ քաղհասարակության հետ ոչ միայն պետք է խորհրդակցել, այլև լսել նրան։ Պետք է ոչ միայն հրավիրել մասնակցելու, այլև տրամադրել իրական հնարավորություն՝ վերլուծելու, առարկելու և իրենց ներդրումն ունենալու գործընթացում։

«Մենք պետք է ընդունենք մի բարդ իրողություն․ ամբողջ տարածաշրջանում, և, ճիշտն ասած, նաև ամբողջ աշխարհում, քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրն ավելի ու ավելի է սահմանափակվում։ Անկախ կազմակերպությունները բախվում են իրավական խոչընդոտների, սահմանափակումների, ֆինանսավորման հասանելիության կրճատման, ապատեղեկատվական արշավների, ահաբեկման և իրենց աշխատանքը վարկաբեկելուն ուղղված միտումնավոր գործողությունների։ ԵՄ-ն շարունակում է աջակցել քաղհասարակությանը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով: Եվ մենք կոչ ենք անում Արևելյան գործընկերության տարածաշրջանի իշխանություններին իմաստալից կերպով համագործակցել քաղհասարակության հետ և պահպանել այն պայմանները, որոնցում այն ​​կարող է ազատորեն գործել և զարգանալ: Սա նշանակում է քաղաքացիական տարածքի պաշտպանություն, հիմնարար ազատությունների հարգում և անկախ քաղաքացիական գործիչների օրինական դերի ճանաչում հասարակական կյանքում: Մենք՝ որպես «Եվրոպայի թիմ», քաղաքացիական հասարակության գործընկերներն ենք ԵՄ բազմաթիվ անդամ պետությունների, դեսպանների, բիզնեսների, ակադեմիական շրջանակների հետ միասին: Մենք բոլորս «Եվրոպայի թիմ»-ն ենք Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում»,- եզրափակեց Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում