Հայաստան

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները

5 րոպեի ընթերցում

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները

Digitec-ի շրջանակում կայացել է «Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ էկրանից այն կողմ՝ Team Studios-ի հետ» խորագրով շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում Team Group-ը ներկայացրել է Team TV-ի զարգացման նոր հնարավորությունները, Team Studios-ի արտադրական կարողություններն ու արհեստական բանականության կիրառմամբ ստեղծվող անիմացիոն նախագծերը։

Շնորհանդեսին մասնակցել են Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը, Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը և AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Ներկայացնելով Team Group-ի զարգացման ռազմավարությունը՝ Տիգրան Ֆրանգյանն ընդգծել է, որ խումբը, հեռահաղորդակցությունից սկսելով, այսօր միավորում է ավելի քան 20 ընկերություն՝ գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը կինոարտադրությունն է, որը խմբի զարգացման առաջնահերթություններից է։

«Մեր նպատակը Հայաստանի համար կարևոր ոլորտներում ներդրումներ անելն ու տեխնոլոգիաների միջոցով դրանց զարգացմանը նոր թափ հաղորդելն է։ Team TV-ի դեպքում էլ հասկանում ենք, որ հաջողության հիմքում ոչ միայն հարթակի հասանելիությունն է, այլև որակյալ բովանդակությունը։ Այդ պատճառով ստեղծել ենք Team Studios-ը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու սեփական արտադրությունն ու հայկական պատմությունները հասցնելու հանդիսատեսին»,– նշում է Տիգրան Ֆրանգյանը։

2025 թվականից գործող Team Studios-ը ստեղծում է գեղարվեստական ֆիլմեր, կարճ սերիալներ և մուլտֆիլմեր՝ գաղափարի ու սցենարի մշակումից մինչև նկարահանում և հետարտադրություն։ Ստուդիան աշխատում է միջազգային կինոարտադրության մեջ կիրառվող առաջատար տեխնիկայով, իսկ իր հնարավորությունները հասանելի է դարձնում նաև գործընկեր կինոգործիչներին։

«Մեր նպատակն է հայկական պատմությունները պատմել ժամանակակից կինոյի լեզվով՝ այնպիսի որակով, որ դրանք մրցունակ լինեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կարևորում ենք ոչ միայն սեփական նախագծերի իրականացումը, այլև համագործակցությունը հայ կինոգործիչների հետ՝ նպաստելով ոլորտում նոր որակի և հնարավորությունների ձևավորմանը»,– նշում է Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը։

Շնորհանդեսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև անիմացիայի ստեղծման գործընթացում արհեստական բանականության կիրառմանը։ Խոսելով ԱԲ գործիքների օգտագործման մասին՝ Սեդրակ Մկրտչյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում, սակայն որակյալ անիմացիայի հիմքում շարունակում են մնալ մարդկային ստեղծագործական միտքն ու մասնագիտական աշխատանքը։

«ԱԲ-ի կիրառմամբ անիմացիա ստեղծելը մեկ հրահանգով պատրաստի արդյունք ստանալ չէ։ Դա երկար ու բազմափուլ գործընթաց է՝ կերպարների մշակումից և շարժումների մշակման փորձարկումներից մինչև դրվագների համադրում ու վերջնական արդյունքի ստացում։ Տեխնոլոգիաները կարող են արագացնել որոշ փուլեր, բայց պատմություն ստեղծելու, այն ճիշտ ներկայացնելու և որակ ապահովելու պատասխանատվությունը շարունակում է մնալ ստեղծագործական թիմի վրա»,– նշում  է AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Team Studios-ի նախագծերով Team Group-ը նպատակ ունի զարգացնելու հայկական կինոարտադրության և անիմացիայի հնարավորությունները՝ համադրելով ստեղծագործական ներուժն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

Team TV-ի առաջիկա սպասված պրեմիերաներից է լինելու «Գիշատիչների խնջույք» բազմասերիալանոց հոգեբանական դրաման Մկրտիչ Արզումանյանի, Սոս Ջանիբեկյանի, Էմմա Մանուկյանի և հայտնի այլ դերասանների մասնակցությամբ։

Team ընկերությունների խմբի մասին 

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB, Team Studios ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում