Հայաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցում է ինստիտուցիոնալ հիմքերով․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
6 րոպեի ընթերցում

Հայաստանը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները զարգացնում է երկարաժամկետ հեռանկարով՝ համագործակցությունն ամրապնդելով ինստիտուցիոնալ հիմքերով։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի գնահատմամբ՝ երկկողմ ներկայիս օրակարգն աննախադեպ է, իսկ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP նախագիծը հնարավորություն ունի փոխելու Հարավային Կովկասի դերը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպանն այս մասին խոսել է Foreign Policy-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարներին։
Պատասխանելով ԱՄՆ վարչակազմերի փոփոխության պայմաններում համագործակցության շարունակականության մասին հարցին՝ դեսպանն ընդգծել է հարաբերությունների երկարաժամկետ բնույթը։
«Միանգամայն բնական է, որ ինչ-որ պահի նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այլևս իշխանության չեն լինի։ Բնական է նաև, որ առաջիկա 50 տարիներին կառավարությունը չեն ղեկավարելու միայն հանրապետականները կամ նախագահ Թրամփը, քանի որ ԱՄՆ-ի հետ մեր՝ TRIPP-ի համաձայնագիրը նախատեսված է 50 տարվա համար»,– ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը Վաշինգտոնում պատմականորեն բարեկամներ է ունեցել երկու կուսակցություններում էլ։
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը կհիշվի որպես խաղաղության պայմանավորվածության ձեռքբերմանը միջնորդած գործիչ, և հայ ժողովուրդը շնորհակալ է նրան։
«Սակայն մենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ինստիտուցիոնալ հիմքերով»,-շեշտել է Մկրտչյանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ դեսպանը նշել է, որ թեև խաղաղության վերջնական համաձայնագիրը դեռ չկա, տեղում խաղաղություն է հաստատվել, և երկու երկրների միջև առևտրային կապեր են ձևավորվում։
«Խաղաղության վերջնական համաձայնագիրը դեռ չկա, սակայն տեղում խաղաղություն ունենք։ Այժմ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններ ունենք․ մենք նրանցից որոշ ապրանքներ ենք գնում, նրանք՝ մեզնից, և սա շատ կարևոր է խաղաղության համար։ Իհարկե, դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն, սակայն ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղություն է»,– ասել է նա։
Մկրտչյանի գնահատմամբ՝ TRIPP-ը կարող է նպաստել տարածաշրջանի վերափոխմանը՝ այն դարձնելով միջազգային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության կարևոր օղակ։
«Սա իրականում Հարավային Կովկասի մասին պատկերացումները փոխելու ներուժ ունի։ Նախկինում այս տարածաշրջանը մշտապես ասոցացվել է հակամարտությունների և անկայունության հետ։ Այն կարող է վերածվել երկխոսության, կապակցվածության, բարգավաճման և համագործակցության տարածքի, իսկ TRIPP նախագիծը դրա անբաժանելի բաղադրիչն է»,-նշել է դեսպանը։
Դեսպանի խոսքով՝ նախաձեռնությունն արդեն դուրս է գալիս Հայաստան-Ադրբեջան երկկողմ կապակցվածության շրջանակից և կարող է վերածվել Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող կարևոր առևտրային ուղու՝ ամբողջությամբ Հայաստանի իրավազորության ներքո։
«Սա դառնալու է մատակարարման նոր համաշխարհային շղթա»,-ընդգծել է նա։
Մկրտչյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարին՝ նշելով, որ համապատասխան բանակցություններն ընթանում են Ադրբեջանի հետ բանակցություններին զուգահեռ։ Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանների 80 տոկոսը ներկայում փակ է, իսկ դրանց բացման առումով մեծ հույս և ներուժ կա։
Խոսելով Վաշինգտոնի հետ համագործակցության խորացման տարածաշրջանային ընկալումների մասին՝ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը գործընկերների հետ բաց և թափանցիկ է եղել իր ընտրության հարցում։
«Սա նոր իրականություն է, և մենք ապրում ենք այդ նոր իրականության մեջ, սակայն սա մեր ռազմավարական ընտրությունն է։ Մենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ շատ թափանցիկ և բաց ենք եղել․ նրանց ասել ենք, որ սա ուղղված չէ ձեր դեմ։ Այն ուղղված չէ Իրանի կամ Ռուսաստանի դեմ։ Սա առաջին հերթին Հայաստանի ազգային շահերի, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային համագործակցության համար է»,– ասել է Մկրտչյանը։
Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական համագործակցությանը՝ կարևորելով արհեստական բանականության ոլորտում Հայաստանի հնարավորությունները։
«Մենք ցանկանում ենք դառնալ ԱՄՆ-ի կարևոր գործընկեր՝ ապագայի արհեստական բանականության համակարգերի համար մատակարարման կայուն շղթաներ ապահովելու գործում»,-նշել է նա։
Մկրտչյանի գնահատմամբ՝ խաղաղության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները նաև ազդակ են ամերիկյան ընկերությունների համար՝ Հայաստանը դիտարկելու որպես համագործակցության և ներդրումների հարթակ։
«Հատկապես խաղաղության պայմանավորվածությունից հետո ամերիկյան ընկերություններին հստակ ազդակ տրվեց, որ այժմ Հայաստանին՝ որպես համագործակցության և ներդրումների հարթակ դիտարկելու պահն է»,– եզրափակել է դեսպանը։