Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Բրուքլինի դաշնային դատարանի ատենակալները չինական հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Huawei ընկերությանը մեղավոր են ճանաչել առևտրային գաղտնիքներ գողանալու դավադրության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ընկերությունը, սակայն, արդարացվել է ավելի լուրջ՝ շորթման նպատակով դավադրության մեղադրանքից։
Huawei-ն հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք չունեն փաստական հիմք։
Դատավճիռը եզրափակել է ԱՄՆ կառավարության և Huawei ընկերության միջև ութ տարվա դատական վեճը։
Ատենակալները Huawei-ին մեղավոր են ճանաչել 12 մեղադրանքներից 10-ում, այդ թվում՝ բանկային խարդախության, ԱՄՆ պատժամիջոցների խախտման և առևտրային գաղտնիքներ գողանալու դավադրության մեջ։
Երկամսյա դատավարության ընթացքում մեղադրող կողմը պնդել է, որ չինական տեխնոլոգիական հսկան դիմել է խաբեության և գողության՝ մրցակցային առավելություն ստանալու համար։
Մասնավորապես, ընկերությունը մեղադրվում էր բանկերին Իրանում իր գործունեության վերաբերյալ մոլորեցնելու և ամերիկյան ընկերություններից առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ։
Դաշնային դատախազները Huawei-ի դեմ մեղադրանքներ առաջին անգամ առաջադրել են 2019 թվականին՝ 2018 թվականի վերջին Կանադայում ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի աղմկահարույց ձերբակալությունից հետո։
«Տասնամյակներ շարունակ Huawei-ն և նրա երեք դուստր ձեռնարկությունները գործել են Միացյալ Նահանգներում՝ հիմնվելով ստի և գողության վրա», - ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։
Huawei-ի պաշտպանությունը պնդում էր, որ դատախազներն ի սկզբանե ընկերությունը դիտարկել են որպես հանցավոր կազմակերպություն, ապա մեղադրանքները կառուցել են այդ դիրքորոշման հիման վրա:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ շորթման դավադրության մեղադրանքի արդարացումը «հաստատում է այս մեղադրանքների համար փաստական հիմքերի բացակայությունը և վերջին ութ տարվա ընթացքում ընկերության ցուցաբերած հետևողական դիրքորոշումը»։
Դեռևս անհասկանալի է, թե ինչ պատիժ կսահմանվի Huawei-ի նկատմամբ, երբ ԱՄՆ շրջանային դատավոր Անն Դոնելին 2027 թվականի սեպտեմբերի 14-ին դատավճիռ կկայացնի։