Չինաստանն առաջին անգամ տիեզերական առաքելություն կիրականացնի օտարերկրյա տիեզերագնացի մասնակցությամբ
3 րոպեի ընթերցում

Պակիստանցի Մուհամմադ Զիշան Ալին կդառնա առաջին օտարերկրյա տիեզերագնացը, որը կմեկնի Չինաստանի «Տյանգուն» տիեզերակայան. նա ընդգրկված է նոյեմբերի 25-ին «Տյանգուն» մեկնող անձնակազմի կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Պակիստանցի տիեզերագնացը նոյեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր հետ տիեզերք կտանի «250 միլիոն պակիստանցիների հույսերը»։
Պեկինը միլիարդավոր դոլար է ներդրել իր տիեզերական ծրագրում, որի գլխավոր ձեռքբերումներից մեկը «Տյանգուն» տիեզերակայանն է։ Այն սպասարկում են երեք տիեզերագնացներից կազմված անձնակազմերը, որոնք սովորաբար փոխարինվում են վեց ամիսը մեկ։
«Շենչժոու-24» առաքելությունը կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ Պեկինի ժամանակով ժամը 08:18-ին, Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Գոբի անապատում գտնվող Ցզյուցյուանի տիեզերակայանից։
Չինական առաքելության կազմում ընդգրկված առաջին օտարերկյա տիեզերագնացը կմասնակցի կարճատև ուղեծրային թռիչքի, որն, ինչպես սպասվում է, կտևի մոտ հինգ օր։ Այնուհետև նա Երկիր կվերադառնա «Շենչժոու-23» տիեզերանավով, որը մայիսին միացել էր «Տյանգուն» կայանին։
Պակիստանի պաշտոնյաները ողջունել են Ալիին տիեզերագնացների կազմում ընդգրկելու որոշումը ՝ այն որակելով Իսլամաբադի և Պեկինի հարաբերությունների համար կարևոր քայլ։ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարն առաքելությունը բնութագրել է որպես «ուրախության և հպարտության աղբյուր ամբողջ ազգի համար»։
Ներկայում «Տյանգուն» տիեզերակայանում գտնվող անձնակազմը գլխավորում է 40-ամյա Չժու Յանժուն։ Անձնակազմի մյուս անդամներն են Լայ Կայինը և Չժան Չժիյուանը։
Լայը ներկայում տիեզերակայանում գտնվող միակ կինն է։ Նոր՝ ամբողջությամբ տղամարդկանցից կազմված անձնակազմի՝ «Տյանգուն» ժամանելուց հետո Պակիստանի տիեզերագնաց Ալին Երկիր կվերադառնա Լայի և Չժանի հետ։
Չժուն կմնա տիեզերակայանում՝ ավարտելու մեկ ամբողջ տարի տիեզերքում անցկացնելու՝ Չինաստանի պատմության մեջ առաջին առաքելությունը։ Սա դիմացկունության կարևոր փորձություն է, որը նշանակություն կունենա Լուսին և, հնարավոր է, ավելի հեռավոր տիեզերական տարածքներ ապագա առաքելությունների համար։