Flydubai-ին թույլատրվել է վերսկսել թռիչքները դեպի Թել Ավիվ՝ ահաբեկչության փորձի կանխումից երկու ամիս անց
3 րոպեի ընթերցում

Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հաստատել է էմիրաթական flydubai ավիաընկերության կողմից դեպի Թել Ավիվ չվերթերի վերսկսումն ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից գրեթե երկու ամիս անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ավիաընկերության դեպի Իսրայել չվերթերը դադարեցվել էին սեպտեմբերի 30-ին, երբ օմանցի երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, սակայն այդ փորձը խափանվել էր ինքնաթիռի կապիտանի և մի քանի ուղևորի կողմից։
Ահաբեկչության փորձից հետո մեղադրանքներ են հնչել, որ Իսրայելում առկա են թերություններ ավիացիայի վերահսկողության ոլորտում։
Տրանսպորտի նախարարի կողմից չվերթերի վերսկսման տեղեկությունների հաստատումից առաջ Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների և Տրանսպորտի նախարարության պաշտոնյաների պատվիրակությունը վերադարձել է Դուբայից։ Նրանք բանակցություններ են վարել ԱՄԷ ավիացիայի ոլորտի պաշտոնյաների հետ՝ Թել Ավիվի և Դուբայի միջև թռիչքները վերսկսելու համար նախատեսված անվտանգության միջոցառումների իրականացման վերաբերյալ։
«Պատվիրակությունն այսօր Ռեգևին է ներկայացրել միջադեպից հետո ընկերության կողմից ձեռնարկված քայլերը։ Արդյունքում Ռեգևը հավանություն է տվել flydubai-ի վերադարձին, որը ենթակա է անվտանգության մարմինների կողմից թույլտվության», - ասվում է Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ՝ առանց մանրամասնելու ավիաընկերության կողմից իր անվտանգության ընթացակարգերում կատարված փոփոխությունների մասին։
«Սա նշանակալի քայլ է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև օդային հաղորդակցության վերականգնման և ուղևորների համար թռիչքների ընտրության հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ», - հավելել են նախարարությունից։
Նախկինում flydubai-ը Թել Ավիվից իրականացնում էր օրական 10 չվերթ։
Flydubai-ի ինքնաթիռի միջադեպից հետո Իսրայելն ավելի խիստ անվտանգության ստուգման պահանջներ է սահմանել դեպի Իսրայել կամ Իսրայելից թռչող օտարերկրյա ավիաընկերությունների օդաչուների և անձնակազմի համար։ Անվտանգության խնդիրների պատճառով նաև հետաձգվել է իսրայելական El Al, Arkia և Israir ավիաընկերությունների թռիչքների վերսկսումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արդյունքում Etihad-ը դարձել է միակ ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում ԱՄԷ-ի և Իսրայելի միջև։