Մերձավոր Արևելք

Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի բնակիչների անվտանգության ապահովման ծրագիր

2 րոպեի ընթերցում

Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի բնակիչների անվտանգության ապահովման ծրագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի հատվածի բնակիչների անվտանգության ապահովման և նրանց համար բժշկական օգնության հասանելիության ծրագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է X սոցցանցում խորհրդի հրապարակած հայտարարության մեջ։

«Խաղաղության խորհուրդը մշակել է ռազմավարական շրջանակային ծրագիր, որպեսզի Գազայի բնակիչները կարողանան ապրել անվտանգ պայմաններում և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանան պաշտպանված, ապառազմականացված հաստատություններում», - ասվում է հայտարարության մեջ։

Ծրագրի իրականացման համար խորհուրդը բոլոր կողմերից պահանջել է իրեն տրամադրել անհրաժեշտ լիազորություններ և հնարավորություններ՝ առանց հետագա խոչընդոտների կամ ձգձգումների աշխատելու համար։

Այս հայտարարությունն արվել է իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում գտնվող Նասերի հիվանդանոցին նոյեմբերի 12-ին հասցված հարվածից հետո, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել։ Խորհրդի գնահատմամբ՝ տեղի ունեցածն ընդգծում է Թրամփի համապարփակ խաղաղության ծրագրի անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։

Նոյեմբերի 8-ին Axios հարթակը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հաղորդել էր, որ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է քայլեր ձեռնարկել Գազայի համար խաղաղության ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ինչպես պարբերականին հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա, անկլավի վերականգնման աշխատանքները կսկսվեն միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հասնելուց հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում