Գազայում բժշկական համալիրի վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել
2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրի վրա նոյեմբերի 12-ին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ վիրաբույժ։ Վիրավորվել է 20 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ հարվածը թիրախավորել է բժշկական համալիրի երկրորդ հարկը՝ պատճառելով մեծ նյութական վնասներ և ոչնչացնելով հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։
Գազայի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի կառույցներին հրատապ միջամտել՝ հիվանդանոցները պաշտպանելու և կատարվածի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, թե թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան զինյալի և խմբավորման զինված թևի այլ անդամների, ովքեր, ըստ նրանց, գործում էին Խան Յունիսում գտնվող հիվանդանոցի տարածքում։
Հայտարարության մեջ զինվորականները մեղադրել են ՀԱՄԱՍ-ին հիվանդանոցային համալիրը որպես ռազմական գործողությունների հրամանատարական կենտրոն օգտագործելու մեջ, այդ թվում՝ զենքի պահեստավորումը, հրամանատարական և վերահսկողական սենյակների շահագործումը և հիվանդանոցային կառույցները որպես դիտակետեր և զինյալների համար ապաստարան օգտագործելու մեջ։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը դատապարտել է իսրայելական կողմի գործողությունները՝ կատարվածը որակելով որպես «լիարժեք ռազմական հանցագործություն»։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի դեմ պատերազմի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 74653-ի, իսկ վիրավորներինը՝ 176007-ի։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհվել է առնվազն 1622 և վիրավորվել 5878 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։