Աշխարհ

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

3 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ստացել է հոկտեմբերի 27-ին կայացած ընտրությունների պաշտոնապես հաստատված արդյունքները և հայտարարել, որ կսկսի խորհրդակցություններ անցկացնել կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նոր կառավարության ձևավորման հարցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ընտրությունների արդյունքներով ո՛չ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցությունը, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակցի՝ զինված ուժերի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չեն ստացել։ Այժմ երկու կողմերն էլ ակտիվ բանակցություններ են վարում՝ փորձելով համոզել փոքր կուսակցություններին միանալ իրենց և ձևավորել նոր կառավարություն։

Նոյեմբերի 4-ին ավելի վաղ Իսրայելի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ անցյալ շաբաթ կայացած քվեարկության ընթացքում ընտրակեղծիքներ չեն հայտնաբերվել։ Մինչ այդ Նեթանյահուն և նրա կողմնակիցները հայտարարել էին, թե արաբական կուսակցությունները «գողացել» են ընտրությունները, հնարավոր է՝ օտարերկրյա աջակցության միջոցով։

Ընտրությունների արդյունքում Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած կոալիցիան կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ 120-տեղանոց Քնեսեթում ստանալով 53 մանդատ։ Նրա մրցակից Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը ստացել է 48 մանդատ։ Արաբական երկու կուսակցությունները՝ «Միացյալ ցուցակ»-ը և «Ռաամ»-ը, գերազանցել են սպասելիքները՝ արաբ ընտրողների մասնակցության կտրուկ աճի արդյունքում ստանալով ռեկորդային 19 մանդատ։

Միևնույն ժամանակ Իսրայելի անվտանգության ծառայության՝ «Շին Բեթ»-ի կողմից ընտրություններին օտարերկրյա միջամտության վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ առանձին հետաքննությունը դեռ շարունակվում է։ Ըստ ընտրական հանձնաժողովի՝ նման հնարավոր միջամտությունը հազիվ թե ազդած լինի ընտրությունների արդյունքների վրա։

Ընտրությունների պաշտոնապես հաստատված արդյունքները ստանալուց հետո Իսրայելի նախագահը նոյեմբերի 4-ից կսկսի հանդիպումներ անցկացնել խորհրդարանում ընտրված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Երկօրյա խորհրդակցություններից հետո նա կընտրի այն թեկնածուին, որը, նրա կարծիքով, առավել մեծ հնարավորություններ ունի կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար։ Դրանով կմեկնարկեն շաբաթներ տևող բանակցությունները։

Եթե արդյունքում չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա հաջորդ տարվա սկզբին երկրում կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում