Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ
2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ակնկալում են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն, «չարաչար սխալվում են»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը, որը հրապարակել է Խամենեիի գրավոր հայտարարության տեքստը։
«Նրանք, ովքեր դեռևս թեկուզ չնչին հույս են փայփայում, թե գերիշխող համակարգի վարքագիծը կարող է փոխվել կուսակցական կամ խմբակցային փոփոխությունների արդյունքում, կամ կարծում են, թե ԱՄՆ-ին զիջումների գնալով կարելի է նրան հետ պահել Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքից, չարաչար սխալվում են», - նշված է հայտարարության մեջ։
Իրանի գերագույն առաջնորդը նաև զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմն ավելի կընդլայնվի, եթե Միացյալ Նահանգները վերսկսի հարձակումները Իսլամական Հանրապետության դեմ։
«Եթե նման ագրեսիաները կրկնվեն, պատերազմի շրջանակները շատ ավելի կընդլայնվեն», - հայտարարել է Խամենեին։
Նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները վերահսկողություն են հաստատում մինչ այդ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում և Սենատում։