Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչումը տարածաշրջանում անվտանգության հասնելու պայմաններից մեկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդոլահին։
«Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչում», - ասվում է Աբդոլահիի ուղերձի կետերից մեկում, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։
Տարածաշրջանում կայուն անվտանգության հասնելու մյուս պայմանների թվում նա նշել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական վերացումը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը և Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը։
Բացի այդ, իրանցի հրամանատարը պահանջել է երաշխիքներ, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան չի կրկնվի։ Նա նաև պահանջել է «Արևմտյան Ասիայում անվտանգության համակարգի ստեղծում հենց տարածաշրջանի պետությունների ուժերով»։