Եվրոպա

Լավրովը քննադատել է ԵՄ-ն՝ միաժամանակ համագործակցության պատրաստակամության հայտնելով

3 րոպեի ընթերցում

Լավրովը քննադատել է ԵՄ-ն՝ միաժամանակ համագործակցության պատրաստակամության հայտնելով

Ուկրաինայում հրադադար հաստատելու Եվրամիության կոչերն ուղղված չեն պատերազմի դադարեցմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Երբ մենք լսում ենք հառաչանքներ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ, որը Բրյուսելը վերածել է մեր երկրի դեմ պայքարի գլխավոր գործիքի, երբ հնչում են անհապաղ կրակը դադարեցնելու, էներգետիկ, պարենային, օդային և ծովային հրադադարներ կնքելու կոչեր, այդ ամենը չի արվում խաղաղության հաստատման համար։ Մենք բազմիցս համոզվել ենք դրանում», - նշել է Լավրովը։

Դիվանագետը հավելել է, որ Եվրամիությունն արագորեն վերածվում է ռազմականացված դաշինքի։

«Նրանք միանշանակ ցանկանում էին և, հավանաբար, շարունակում են ցանկանալ ԵԱՀԿ-ն վերածել իրենց շահերի, ՆԱՏՕ-ի շահերի, ինչպես նաև Եվրամիության շահերի գաղափարական սպասարկման գործիքի։ Եվրամիությունը սրընթաց կերպով սոցիալ-տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է հակառուսական և հակաբելառուսական ուղղվածություն ունեցող ագրեսիվ ռազմականացված դաշինքի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Բրյուսելը կոչ է անում կառուցել անվտանգության համակարգ՝ ընդդեմ Ռուսաստանի, Բելառուսի և բոլոր նրանց, ովքեր անվերապահորեն չեն ենթարկվի ՆԱՏՕ-ի անդամներին և Եվրամիության երկրներին։

Միևնույն ժամանակ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը չի խուսափի համագործակցությունից նրանց հետ, ովքեր կհրաժարվեն թշնամական մտադրություններից։

«Մենք միշտ բաց ենք և մեր առաջարկների մասին նույնպես անկեղծորեն խոսում ենք։ Որպես քաղաքավարի մարդիկ՝ մենք, իհարկե, ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց որպես ինքներս մեզ հարգող մարդիկ՝ ոչ մեկի հետևից չենք վազի», - ասել է նա։

«Եվրասիական անվտանգության ճարտարապետության շուրջ համատեղ աշխատանքի հրավիրելով մեր գործընկերներին՝ մենք երբեք դուռը չենք փակել մայրցամաքի արևմտյան հատվածի առջև և չենք խուսափի համագործակցությունից նրանց հետ, ովքեր կհրաժարվեն թշնամական մտադրություններից, գործնականում շահագրգռված կլինեն և պատրաստակամ կլինեն համաձայնության գալ շահերի արդար հավասարակշռության շուրջ», - հավելել է Լավրովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում