Իրան

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին», իսկ Կատարն ապահովում է «նրանց միջև առաջարկների փոխանակումն իրական ժամանակում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Թեև խոսնակը նշել է, որ չի կարող տեղեկություններ հայտնել կոնկրետ զարգացումների վերաբերյալ, այնուամենայնիվ, հույս է հայտնել խնդրի լուծման հեռանկարների կապակցությամբ։

«Եթե հույս չլիներ, բանակցություններ էլ չէին լինի։ Քանի դեռ բոլոր կողմերը հանձնառու են համատեղ աշխատանքին.... դա նշանակում է, որ հույս կա», - ընդգծել է ալ-Անսարին։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը և Թեհրանն ուսումնասիրում են ներկայացված առաջարկները:

«Մենք սերտորեն համագործակցում ենք տարածաշրջանի մեր գործընկերների և միջազգային հանրության հետ՝ ներկայիս ճգնաժամին վերջ դնելու համար», - հավելել է նա։

Պաշտոնյան նշել է, որ Ծոցի համագործակցության խորհրդի բոլոր պետությունները համակարծիք են, որ չպետք է թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետագա սրում, քանի որ դա կարող է վտանգել բանակցությունները։

Խոսնակը շեշտել է, որ առաջընթացի միակ ուղին դիվանագիտությունն է, որին հավատարիմ են մնում բոլոր կողմերը։

Ալ-Անսարիի խոսքով՝ նավագնացության ազատությունը սակարկության ենթակա չէ։ Նա դատապարտել է Կատարին և այլ երկրներին պատկանող նավերին ուղղված սպառնալիքները։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ ԱՄՆ-ն «սահմանափակ» հարված է հասցրել իրանական Ղեշմ կղզուն՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ամերիկյան օդանավի թիրախավորման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում