Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, որոնց արդյունքներով կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 օրենսդիրները և Սենատի 100 անդամներից 35-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները։

Բացի այդ, շուրջ 40 նահանգում կընտրվեն նահանգապետներ։

ԱՄՆ ավելի քան 50 միլիոն քաղաքացի Կոնգրեսի ընտրություններին մասնակցել է վաղաժամ քվեարկության միջոցով։ Նաև տեղի է ունեցել քվեարկություն փոստային եղանակով։

NBC հեռուստաալիքն անցած շաբաթ հրապարակել է հետազոտություն, որի համաձայն՝ ամերիկացիների 52%-ը կցանկանար, որ Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկեն դեմոկրատները։ Հարցվածների 44%-ը նախապատվությունը տվել է Հանրապետական կուսակցությանը։ Մնացածը դեռևս կողմնորոշված չեն եղել։

Ipsos-ի անցկացրած մեկ այլ հարցման արդյունքները նույնպես նման պատկեր են ցույց տվել։ Այսպես, հարցվածների 47%-ը նշել է, որ կցանկանար, որ երկու պալատներն էլ վերահսկի Դեմոկրատական կուսակցությունը, իսկ 36%-ը՝ Հանրապետական կուսակցությունը։ Մնացած հարցվածները չեն պատասխանել։

Հարցումների մեծ մասի համաձայն՝ դեմոկրատները, հավանաբար, կկարողանան մեծամասնություն ստանալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Կանխատեսումների համաձայն՝ նրանք կարող են հավակնել ստորին պալատի առնվազն 222 տեղի, իսկ հանրապետականները, հնարավոր է, ստանան առնվազն 195 տեղ։ Եվս 18 տեղի համար պայքարի արդյունքը մնում է անկանխատեսելի։

435 տեղ ունեցող Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն հաստատելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 218 տեղ։

Միևնույն ժամանակ, Սենատում պայքարը կարող է ավելի թեժ լինել, սակայն մեծ է հավանականությունը, որ դեմոկրատներն այնտեղ նույնպես կկարողանան հաղթանակ տանել։ Կոնգրեսի վերին պալատում մեծամասնություն ստանալու համար Դեմոկրատական կուսակցության անդամները պետք է պահպանեն իրենց ներկայիս բոլոր տեղերը և լրացուցիչ ստանան առնվազն չորս տեղ։

The New York Times-ի հրապարակած հարցման համաձայն՝ դեմոկրատները զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը հանրապետականների հետ պայքարում և կարող են հավակնել վերջիններիս տեղերին նույնիսկ ավանդաբար հանրապետական համարվող հինգ նահանգներում՝ Կանզասում, Մեյնում, Օհայոյում, Տեխասում և Ալյասկայում։

Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ Կոնգրեսի ընտրությունները կարտացոլեն ամերիկացիների ընդհանուր տրամադրություններն ու վերաբերմունքը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության նկատմամբ։

Եթե դեմոկրատներին հաջողվի մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում, ապա Թրամփի համար ավելի դժվար կլինի Կոնգրեսում հասնել իր օրինագծերի հաստատման։ Նրա համար նաև կբարդանա վարչակազմում այս կամ այն պաշտոնում իր թեկնածուների նշանակումը Սենատի միջոցով հաստատելու գործընթացը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում