Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործնականում արդեն սկսել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի կառավարությունը, մինչև հետագա գործընթացների կազմակերպումը, իր նախաձեռնությամբ կմեկնարկի ԹՐԻՓՓ նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի նախագծի պատվիրելու հարցը, որ մենք ժամանակ չկորցնենք և սկսենք նախագծի շուրջ աշխատանքները: Որ պահին ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին արդեն կատարված աշխատանքը ուղղակի ՀՀ կառավարությունը կփոխանցի ընկերությանը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագծով Հայաստանը հաղթահարում է ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը:
«Աներկբա և միանշանակ է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է: Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղությամբ: Բոլոր այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում է, որ բոլոր ենթակառուցվածքները լինելու են ԹՐԻՓՓ նախագծի մաս: ԹՐԻՓՓ նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, այնտեղ նաև էլեկտրական հաղորդման գծեր, ավտոճանապարհ: Գազամուղ, նավթամուղ թեմաներն ավելի ուշ քննարկման հարց են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։