Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր
1 րոպեի ընթերցում

Սլովենիան վճռականորեն աջակցում է Եվրոպական Միության հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը:
«Մենք 2004 թվականին միացանք ԵՄ-ին, և մենք այն երկրներից մեկն էինք, որ նախկին Հարավսլավիայից արդեն առանձնացած պետք է բոլոր բարեփոխումներով անցնեինք, որ կարողանային ընդունվել եվրոպական ընտանիք, և ունեցանք լավ փորձառություն: Մենք հանձնառու ենք շարունակելու աջակցել Հայաստանի բարեփոխումներին և սերտացնելու ԵՄ-ի հետ կապերը: Աջակցում ենք ԵՄ այն միջոցառումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական, էներգետիկ և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ»,-ասաց Կայզերը:
Տոնի Կայզերը հավելեց, որ Սլովենիան ողջունում է առաջընթացը Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության հարցում: