Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը
8 րոպեի ընթերցում

Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերն այն կարծիքին է, որ Հայաստանը COP17-ի շրջանակում իսկապես հսկայական աշխատանք է կատարել։
Նրա խոսքով՝ համաժողովի բոլոր պատվիրակները Հայաստանում իրենց ցանկալի հյուր են զգում, բանակցությունների ղեկավարումը նույնպես տպավորիչ է։
Կարստեն Շնայդերը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում։

Ստորև ներկայացնում ենք նախարարի հետ ամբողջական հարցազրույցը։
-Մեծարգո պարոն նախարար, ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել COP17 համաժողովից և դրա համատեքստում, մասնավորապես, շրջակա միջավայրի նախարարների հանդիպումից։
-Հայաստանը հիանալի կերպով ընդունել է համաժողովը։ Արդեն մեկ տարի է, ինչ ես ճանաչում եմ նախարար Համբարձում Մաթևոսյանին, և մենք բազմաթիվ երկկողմ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ COP-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։ Եթե համեմատենք այլ պետությունների հետ, ապա Հայաստանը, թեև փոքր, բայց պատմականորեն նշանակալի երկիր է։ Եվ իսկապես առանձնահատուկ է, որ նման երկիրն է հյուրընկալում COP-ը։ Դուք իսկապես հսկայական աշխատանք եք կատարել. բոլոր հյուրերն այստեղ իրենց ցանկալի հյուր են զգում և լիովին հանգիստ ու ազատ են։ Կարծում եմ՝ բանակցությունների ղեկավարումը նույնպես տպավորիչ է, և վստահ եմ, որ մինչև այս շաբաթվա ավարտը մենք կարող ենք հասնել շատ դրական ու լավ արդյունքի։

-Ի՞նչ գործնական օգուտներ և դիվիդենտներ կարող է բերել COP17-ը՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության տեսանկյունից։
-Երեկ իմ հայ գործընկերոջ հետ ստորագրեցինք հռչակագիր, որն ուղղված է Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու համատեղ աշխատանքի խորացմանը։ Մենք ցանկանում ենք ավելի ակտիվացնել այդ համագործակցությունը։ Մեզ համար մեծ պատիվ է այստեղ հյուրընկալվելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը վստահում է մեզ։ Գործընկերների հետ նախատեսում ենք մի շարք այլ հանդիպումներ՝ նախապատրաստվելու առաջիկա COP-երին, կլիմայի փոփոխության վերաբերյալ կոնֆերանսներին, և այլ միջոցառումներին։ Սա հիանալի հարթակ է՝ միավորվելու, որոշումներ նախապատրաստելու և դրանք կյանքի կոչելու համար։
-Որո՞նք են ստորագրված հայ-գերմանական հռչակագրի հիմնական կետերը։
-Մենք կարևորում ենք բնության վերականգնումը։ Հայաստանն ունի հիասքանչ բնություն, սակայն մինչ այժմ ես այն տեսել եմ միայն լուսանկարներում։ Հուսով եմ՝ երկու օրից հնարավորություն կունենամ այցելել Սևանա լիճ և տեսնել այն իրականում։ Որպես Գերմանիայի կառավարություն՝ մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում՝ կիսվելով մեր գիտելիքներով և միաժամանակ սովորելով հայկական փորձից։ Մենք նպատակ ունենք խթանել փոխանակումը գիտնականների և հասարակական կազմակերպությունների միջև՝ ի նպաստ մեր երկրների, և հատկապես այս գեղեցիկ երկրի՝ Հայաստանի զարգացմանը։

-Ինչպե՞ս եք հաղթահարում Գերմանիայում ձեր առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները։ Եվ ի՞նչ դիտարկումներով կարող եք կիսվել հայ գործընկերների հետ։
-Գերմանիան խիտ բնակեցված երկիր է, և դարերի ընթացքում մեր բնությունը, իհարկե, փոփոխությունների է ենթարկվել, իսկ մասամբ՝ նաև ոչնչացվել։ Անտառները մասամբ հատվել են, գետերի հուները՝ փոխվել, իսկ հողը՝ դեգրադացվել։ Այժմ մենք բախվում ենք դրա հետևանքներին։ Բնական հուն ունեցող գետեր շատ քիչ են մնացել, բացի այդ, կլիմայի փոփոխության ազդեցությունը զգացվում է ջրհեղեղների և կլիմայական այլ երևույթների միջոցով։ Ահա թե ինչու է բնության վերականգնումն այդքան կարևոր։ Մենք պետք է ամրապնդենք մեր բնությունը՝ այն պահպանելու համար։ Սա, անշուշտ, լուրջ մարտահրավեր է։ Ե՛վ Գերմանիան, և՛ Հայաստանը պետք է կարողանան համադրել տարբեր շահեր՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, գյուղական համայնքների, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներից։

-Կենսաբազմազանության պաշտպանությունը պահանջում է զգալի և կայուն ֆինանսավորում։ Ի՞նչ է պատրաստ անել Եվրոպական միությունը՝ օգնելու լրացնել կենսաբազմազանության ֆինանսավորման գլոբալ պակասուրդը, հատկապես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների պարագայում։
-Գերմանիայի կառավարությունը որոշել է ավելացնել կենսաբազմազանությանն ուղղված ծախսերը։ Ուստի, կարող եք ապավինել Գերմանիայի օրինակին։ Մենք տարեկան ավելի քան մեկ միլիարդ եվրո ենք հատկացնում կենսաբազմազանության պահպանմանը՝ հանդիսանալով, այսպես ասած, աշխարհի ամենախոշոր ֆինանսավորողը։ Իմ նպատակն է պահպանել ֆինանսավորման այս ծավալը և ներգրավել այլ երկրների՝ հատկապես բարձր եկամուտ ունեցողներին, որոնք ներկայում ֆինանսական ներդրումներ չեն կատարում։ Ես փորձում եմ համոզել այլ երկրներին միանալ այս գործընթացին, ինչպես նաև ամրապնդել առավել թույլ զարգացած երկրների և փոքր կղզի-պետությունների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան յուրացնել այն միջոցները, որոնք կարող են տրամադրվել, օրինակ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) միջոցով։ Սա հնարավորություն կտա իրականացնել քաղաքականություններ՝ ուղղված բնության վերականգնմանը կամ առկա բնական վիճակի պահպանմանը։

-Իսկ ինչպե՞ս կարող են կառավարություններն ապահովել, որ տնտեսական աճը, ենթակառուցվածքների զարգացումը և մասնավոր ներդրումները չիրականացվեն կենսաբազմազանության հաշվին։
-Մենք պետք է ապահովենք դա, քանզի, եթե չանենք, ապա ավելի ուշ ստիպված կլինենք վճարել դրա գինը։ Բնության դեմ պայքարել հնարավոր չէ. դուք կպարտվեք։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական աճի նվազման։ Տնտեսական հարցերով զբաղվող դավոսյան ֆորումի մասնագետները նշել են, որ տնտեսության համար առկա տասը հիմնական ռիսկերից հինգը կապված են բնության հետ։ Դա կարելի է տեսնել Գերմանիայի օրինակով։ Եթե երաշտի պատճառով Հռենոս գետում ջրի մակարդակը բավարար չէ, ապա այն հնարավոր չէ օգտագործել որպես տրանսպորտային ուղի։ Մեր ՀՆԱ-ի, այսինքն՝ տնտեսության մեջ արտադրվող ամբողջ արտադրանքի 70%-ը, կապված է բնության հետ և կախված է դրանից։ Ուստի, մեզ անհրաժեշտ է անվնաս բնություն։ Եվ այն մարդիկ կամ կառավարությունները, որոնք չեն ընդունում կամ հաշվի չեն առնում այս փաստը, ավելի ուշ ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար։

-Պարոն նախարար, քանի որ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, ի՞նչ զգացումներ ունեք այդ առթիվ։
-Այստեղ ամեն ինչ հիանալի է կազմակերպված։ Հայերը շատ հին և հրաշալի ազգի ներկայացուցիչներ են։ Իսկ ազգային ուտեստներն ուղղակի հիասքանչ են։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին, երբ ազատվեմ զբաղվածությունից, և ավարտվի նախարարների համաժողովը, կհասցնեմ տեսնել Հայաստանի գեղեցիկ բնապատկերները՝ լինի մայրաքաղաք Երևանում, թե Սևանա լճի ափին։
