COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը
7 րոպեի ընթերցում

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ: Պաշտոնական մեկնարկը տրվեց հոկտեմբերի 17-ին. «Մերիդիան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ բացման արարողությունը, իսկ դրան նախորդեց երկրների ղեկավարների գագաթնաժողովը հոկտեմբերի 16-ին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն ամփոփեց համաժողովի առաջին շաբաթը։
«ՀՀ-ում հավաքվեցին բազմաթիվ երկրների ղեկավարներ՝ քննարկելու միջազգային կարևոր բնապահպանական օրակարգը, ինչու չէ՝ նաև շատ կարևոր քաղաքական հարցեր։ COP17 համաժողովի մեկնարկը հենց երկրների ղեկավարների գագաթնաժողովից կարող ենք համարել հաջողված։ Եթե դիտարկենք ղեկավարների մասնակցությունը և՛ քանակային, և՛ տարածաշրջանային առումով, ապա նախորդ COP-երի համեմատ՝ երևանյան համաժողովը, այս պահի դրությամբ, առանձնանում է առաջնորդների մեծ քանակով։ Սա այն դեպքում, երբ կենսաբանական բազմազանության COP-ի ընթացքում ղեկավարների գագաթնաժողովը չի հանդիսանում պարտադիր բաղադրիչ, այլ իրականացվել է հյուրընկալող երկրի նախաձեռնությամբ ու կազմակերպչական ջանքերի արդյունքում»,- նշեց Մկրտչյանը։
Նա հավելեց, որ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո Կապույտ և Կանաչ գոտիներում արդեն ամբողջ օրակարգով ընթանում է COP17-ը։ Կապույտ գոտին պաշտոնական բանակցությունների, աշխատաժողովների, քննարկումների համար նախատեսված գոտի է, որտեղ ընթանում են երկրների բանակցությունները և որտեղ կայացվելու են կարևոր միջազգային, համաշխարհային բնապահպանական որոշումները։ Իսկ Կանաչ գոտին հյուրընկալող երկրի բաց տարածքն է, բաց գոտի է, որտեղ մեր հանրությունը, քաղաքացիները գալիս են, տեսնում և մասնակցում են միջոցառումներին՝ մոտ գտնվելով բնությանը։ Փոխնախարարի հավաստմամբ՝ երկու գոտիներում էլ իրադարձությունների ընթացքը շատ հուսադրող է, ակտիվությունն ու կազմակերպիչների տրամադրությունը՝ շատ բարձր։
«Ամենակարևոր իրադարձությունն այն է, որ Երևանում բնապահպանական խնդիրների վրա կենտրոնացել են ոչ միայն պաշտոնատար անձինք ու երկրների պաշտոնական պատվիրակությունները, այլև հասարակությունն ամբողջությամբ։ Եթե այցելենք Կանաչ գոտու սրահներ, ապա տեսնելով այցելուների ակտիվությունն ու քանակը՝ կարող ենք փաստել ասվածը։ Շատ կարևոր է, որ հասարակությունը ծանոթանում է, մոտ է գտնվում բնապահպանական խնդիրներին, առնչվում է դրանց հետ, ինչն իր հետ բերելու է և՛ կրթվածություն, և՛ գիտակցություն, և՛ այդ խնդիրները լուծելու ցանկություն ու լավ առաջարկներ։ Մեր հասարակության մոտ ձևավորվելու է բնության հանդեպ հարգանք ու սեր։ Սա լինելու է COP17-ի ամենակարևոր ձեռքբերումը:»,- ասաց փոխնախարարը:

Նրա դիտարկմամբ՝ տվյալ գլոբալ, երկար ժամանակ ու ջանքեր պահանջող արդյունքից բացի, COP17-ը նաև շատ առարկայական և աշխատանքային հարցերի քննարկման և որոշումների կայացման հարթակ է, ուստի մեր երկիրը դիրքավորվելով արդեն համաշխարհային բնապահպանական արենայում՝ որպես կենսաբանական բազմազանության հանձնաժողովի նախագահող երկիր, պետք է առավելագույն չափով կարողանա օգուտներ քաղել այս օրակարգից հատկապես մեր երկրի, մեր բնության համար։
Մկրտչյանը շեշտեց, որ COP17-ի բացումից շատ կարճ ժամանակ անց տեղի ունեցավ թերևս այս համաժողովի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Հայաստանն ու Կոլումբիան համատեղ նախաձեռնել են աշխատանքներ անհետացող տեսակների և արդեն անհետացած տեսակների վերականգնման ու պահպանության համար կոալիցիայի ստեղծման ուղղությամբ։
«Այս նախաձեռնությանն արդեն միացել է 17 երկիր։ Նախնական բյուջեն 500 միլիոն ԱՄՆ դոլար է։ Նախաձեռնությունը ողջունել է աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով հրապարակել ու տարածել է իր ողջույնի խոսքը։ Հետաքրքրված է «Բեզոս երկիր» հիմնադրամը։ 30 երկրներում իրականացվելու են անհետացած կամ անհետացող տեսակների վերականգնման ու պաշտպանության աշխատանքներ։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և նախորդ COP-ը հյուրընկալած երկրի՝ Կոլումբիայի նախաձեռնությամբ։ Բնականաբար, մենք պետք է այդ ռեսուրսների հնարավորինս մեծ մասը կարողանանք ուղղել երկրի բնապահպանական խնդիրներին։ Նախաձեռնությունն արդեն իրականացված փաստ է և կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,- ընդգծեց փոխնախարարը։
Մկրտչյանի դիտարկմամբ՝ թեև անհամեստություն է սեփական աշխատանքը դրվատելը, բայցևայնպես դրական մեկնաբանությունները շատ են՝ սկսած ամենաբարձր մակարդակից՝ պարոն Գուտերեշի և քարտուղարության գործադիր տնօրեն Աստրիդ Շոմեյքերի հրապարակային գնահատականներից, վերջացրած մասնակիցների գնահատականներով, որոնք լսվում են համաժողովի երկու գոտիներում։
«Բոլոր պատվիրակներն իրենց ելույթները սկսում են բարձր մակարդակով իրականացված կազմակերպչական աշխատանքներին առնչվող շնորհակալական խոսքով։ Սա իրապես շատ կարևոր է ՀՀ-ի համար։ Մեր երկրի վարչապետն արդեն նշել է, որ նման կազմակերպչական մակարդակ ապահովելով՝ մեր երկիրը դիրքավորվում է որպես համաշխարհային ամենամեծ բնապահպանական և այլ բովանդակությամբ միջոցառումներ անցկացնելու հնարավորություն և ներուժ ունեցող երկիր»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց, որ գալիք շաբաթը լինելու է եզրափակիչ, աշխատանքային առումով ամենածանր շաբաթը։ Ամբողջ աշխարհի շրջակա միջավայրի նախարարները և բարձր ներկայացուցիչները հանդիպելու են և ի մի են բերելու նախորդած աշխատանքները, օրակարգային լրամշակված հարցերի շուրջ ընդունելու են համապատասխան որոշումներ։
«Մեզ ծանր աշխատանք է սպասում։ Այդքան երկրների մասնակցության և այդքան շահերի առկայության պարագայում պետք է լինեն կոնսենսուսներ, վերջնական կայացված որոշումներ, որպեսզի դրանք իրականացվեն և լուծեն բնապահպանական խնդիրները, հնարավորինս քիչ օրակարգային հարցեր բաց մնան։ Հուսով ենք, որ ՀՀ-ն պատվով կիրականացնի քննարկումները համաժողովի նախագահի գլխավորությամբ և մենք կտեսնենք կոնսենսուսով կայացված որոշումները։ Երկու տարի հետո մենք փոխանցելու ենք մեր նախագահությունը, և ես շատ եմ ցանկանում, որ COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը մի շատ կարճ արտահայտություն անի և հայտարարի, որ մենք այնքան աշխատանքներ կատարեցինք ու այնքան արդյունքներ ունեցանք, որ COP18-ը կարող ենք հայտարարել որպես հեշտ համաժողով»
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հաջորդ համաժողովը՝ COP18-ը, կայանալու է Ամերիկա աշխարհամասում։ Կոնկրետ հյուրընկալող երկրի անունը հայտնի կդառնա երևանյան համաժողովում։
