Եվրոպա

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

5 րոպեի ընթերցում

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

Քաղաքացիական հասարակության բերած արժեքը, խորաթափանցությունը, գիտելիքները, խորը ըմբռնումը, իսկ շատ դեպքերում՝ նաև քաղաքականության տարբեր ոլորտներին վերաբերող ինստիտուցիոնալ հիշողությունը, հսկայական հարստություն են բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես արժևորել դրանք։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ տեսակետը Քիշնևում կայացած և Արևելյան գործընկերության շրջանակում կազմակերպված քաղհասարակության միջազգային համաժողովում հայտնեց Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյը։

«Մոլդովան, հակառակ բոլոր դժվարություններին, շարունակում է առաջ շարժվել դեպի իր եվրոպական երազանքը, և այսօր դա արդեն լիովին մեր իրականությունն է՝ շնորհիվ մոլդովական քաղհասարակության անխոնջ ջանքերի։ Մոլդովան Արևելյան գործընկերության առաջատարն ու օրինակելի երկրներից է, սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։ Ոչ վաղ անցյալում Մոլդովան գտնվում էր միջին դիրքերում։ Եվ հենց մոլդովական քաղհասարակությունն էր, որ այդ ընթացքում օգնեց վառ պահել եվրոպական ինտեգրման ջահը Մոլդովայում, ուստի մենք չափազանց բարձր ենք գնահատում բնապահպան ակտիվիստների, սոցիալական ձեռնարկատերերի, մարդու իրավունքների պաշտպանների, անկախ լրատվամիջոցների և բոլոր նրանց ներդրումը, որոնք մասն են կազմում այդ հրաշալի համայնքի, որը մենք անվանում ենք քաղհասարակություն»,- ասաց Պոպշոյը։

Նա հավելեց, որ Մոլդովայի ներկայիս կառավարության անդամները խորապես գնահատում են քաղհասարակության ներդրումը, քանի որ կառավարությանն ներկայացուցիչներից շատերն անմիջականորեն մաս են կազմել քաղաքացիական հասարակությանը։

«Քոլեջն ավարտելուց հետո իմ առաջին աշխատանքը եղել է հասարակական կազմակերպությունում։ Իմ մտերիմ ընկերն ու գործընկերը՝ խորհրդարանի նախագահ Գրոսուն, իր մասնագիտական ​​ուղու զգալի մասն անցկացրել է քաղհասարակության ոլորտում։ Կառավարությունում և խորհրդարանում իմ բազմաթիվ գործընկերներ շատ լավ գիտեն այն անգնահատելի ներդրումն ու արժեքը, որն ապահովում է քաղհասարակությունը։ Այդ իսկ պատճառով այժմ մենք սերտորեն համագործակցում ենք ՀԿ-ների հետ՝ թե՛ օրենսդրական գործընթացում, և թե՛ կառավարման գործառույթներում։ Ուստի, ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ ձեր համայնքներում կատարած ներդրման համար»,- նշեց Պոպշոյը։

Նրա պնդմամբ՝ Մոլդովան այսօր ավելի ուժեղ է՝ շնորհիվ ՀԿ-ների չափազանց ամուր ոլորտի, քաղհասարակության և անկախ լրատվամիջոցների, որոնք, բարեբախտաբար, առկա են այստեղ՝ Մոլդովայում։ Ըստ Պոպշոյի՝ քաղհասարակությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացում այնպիսի գործընկեր է, որի վրա իսկապես կարելի է հենվել։

«Մեր տարածաշրջանում առկա մարտահրավերները շարունակում են բարդ մնալ, հետևաբար ձգտում ենք մեծացնել մեր դիմադրողականությունը։ Մոլդովան կարողացավ պաշտպանել իր ժողովրդավարական ընտրությունները։ Եվ այս ջանքերը հաջողությամբ պսակվեցին մեծ մասամբ քաղհասարակության ներկայացուցիչների ներդրման շնորհիվ»,- ասաց Մոլդովայի փոխվարչապետն ու ԱԳ նախարարը։

Պոպշոյի դիտարկմամբ՝ քաղաքացիական հասարակությունն ուշագրավ աշխատանք է կատարում՝ լրացնելով այն, ինչում կառավարությունը թերանում է։

«Այդ համագործակցությունը իսկապես արժեքավոր է մեր քաղաքացիների համար։ Ես նաև բարձր եմ գնահատում դոնոր կազմակերպություններին, որոնք տրամադրում են աջակցությունը՝ օգնելով վառ պահել հույսը։ Մոլդովայում մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ եվրոպական ինտեգրացիայի ջահը՝ այդ լույսը, շատ կենդանի է։ Եվ մենք քրտնաջան կաշխատենք՝ ձեռք ձեռքի տված քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի շարունակենք վառ պահել հույսի այդ փարոսը։ Եվ հուսով ենք, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում, իսկ մենք մեր փոքր, բայց արժեքավոր ներդրումը կունենանք եվրոպական ընտանիքի քաղհասարակության լայն համակարգում։ Հորդորում եմ ձեզ՝ է՛լ ավելի մեծ եռանդով շարունակել այն գործը, որը խթանում եք, քանի որ քաջ գիտակցում եք, որ դա արդարացի գործ է»,- եզրափակեց Պոպշոյը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում