Բրիտանիայում արհեստական բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial Times
2 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում չարագործները 659 միլիոն ֆունտ ստեռլինգ (863 միլիոն դոլար) են գողացել Մեծ Բրիտանիայի բնակիչներից, որից 316 միլիոն ֆունտը (414 միլիոն դոլարը)՝ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times (FT) թերթը:
22%-ով ավելացել է արհեստական բանականության օգտագործմամբ խարդախությունների թիվը՝ կապված առանց հաճախորդի կամավոր համաձայնության վճարումների հետ: Նման կերպով հափշտակված միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 400 միլիոն դոլարը։ Ներդրումների հետ կապված խարդախությունների հետևանքով վնասները 29%-ով աճել են 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ և հասել 165 միլիոն դոլարի. միջին հաշվով տուժողներից յուրաքանչյուրը կորցրել է գրեթե 21 000 դոլար։ Գնումներ կատարելիս խարդախություններից կրած վնասներն աճել են գրեթե մեկ քառորդով՝ մինչև 86 միլիոն դոլար՝ հասնելով առավելագույնին՝ 2020 թվականին վիճակագրությունը սկսելուց ի վեր։
UK Finance-ի (բանկերի ճյուղային ասոցիացիայի) խարդախությունների դեմ պայքարի ոլորտում քաղաքականության և գործառնությունների հարցերով տնօրեն Նինա Կերկեզի խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբավորումներն օգտագործում են ԱԲ-ն՝ «ստեղծելու հուսալիության խաբուսիկություն» և ավելի ճկուն կոնտենտի զանգվածային գործարկում։ Շորթման նման փորձերը գնալով ավելի հաճախ իրականացվում են ոչ թե մարդկանց, այլ ավտոմատացված համակարգերի կողմից։ Հանցագործները ԱԲ գործակալներին գործի են դնում հաղորդագրությունների և էլեկտրոնային նամակների զանգվածային առաքման, ինչպես նաև ավտոմատացված ձայնային զանգեր կատարելու համար։
Barclays բանկի հետազոտության համաձայն՝ Միացյալ Թագավորության չափահաս բնակչության 78%-ը կարծում է, որ ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը խարդախ սխեմաները դարձրել է ավելի համոզիչ, ընդ որում, միայն յուրաքանչյուր երրորդն է համոզված նեյրոնային ցանցերի միջոցով ստեղծված խարդախությունը բացահայտելու՝ իր ունակության հարցում: