Սաուդյան Արաբիան թիրախավորել է Եմենի Հոդեյդայի նավահանգստը. հութիները խոստացել են կոշտ պատասխան
3 րոպեի ընթերցում

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ կոալիցիայի ուժերը թիրախավորել են հութիների վերահսկողության տակ գտնվող Կարմիր ծովի Հոդեյդայի նավահանգստի գործառնական կարողությունները, ինչպես նաև ոչնչացրել են մի շարք թիրախներ հյուսիսային Սաադայի և Ամրանի նահանգներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ալ-Մալիքին հայտնել է X հարթակում գրառման մեջ։
Հարվածներից առաջ կոալիցիայի միացյալ ուժերի հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիական բնակչությանը լքել Հոդեյդայի նավահանգիստը՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
Մեկ այլ գրառման մեջ խոսնակը նշել է, որ հակաօդային պաշտպանությունը Ռաս Թանուրայի օդային տարածքում որսացել և ոչնչացրել է չորս անօդաչու թռչող սարք։
«Ոչնչացնելու հետևանքով որոշ բեկորներ են ընկել, սակայն նախնական գնահատականները ցույց են տալիս, որ տուժածներ չկան», - նշել է նա։
Ալ-Մալիքին նաև տեղեկացրել է, որ դեպի Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգ արձակված մի քանի անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Պաշտոնյայի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի միջոցով թիրախավորվել է Աբդալլահ թագավորի անվան ֆինանսական կենտրոնի աշտարակներից մեկը։
«Հութի ահաբեկչական զինյալների կողմից քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը կարժանանա վճռական պատասխանի», - նշել է ալ-Մալիքին։
Եմենի հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հութիների խոսնակ Յահյա Սարին զգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ Ջիդդայի նավահանգիստը և Կարմիր ծովի ափին գտնվող բոլոր սաուդական նավահանգիստները կթիրախավորվեն, եթե Հոդեյդայի նավահանգիստը հարձակման ենթարկվի։
Նա կոչ է արել այդ նավահանգիստների աշխատակիցներին և մոտակայքում գտնվողներին անհապաղ լքել տարածքը։
Խոսնակը X-ում գրառման մեջ հայտնել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 72 ավիահարված և հրթիռային հարված են հասցրել մայրաքաղաք Սանայում գտնվող քաղաքացիական օբյեկտներին և Աալ-Ջաուֆի, Թաիզի, Սաադայի, Հոդեյդայի, Իբբի և Լահջի նահանգներին՝ օգտագործելով F-15 և Typhoon ինքնաթիռներ։
Ըստ տեղեկությունների՝ ալ-Բայդայի շրջանում բնակիչների տեղափոխող բեռնատարի վրա իրականացված օդային հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։