Աշխարհ

Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով

Իսրայելի «Յաշար» կուսակցությունը, որը գլխավորում է զինված ուժերի նախկին ղեկավար Գադի Այզենկոտը, նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ պայմանավորվել է կոալիցիոն համաձայնագիր ստորագրել աջակողմյան ընդդիմադիր կուսակցության հետ՝ ձգտելով հոկտեմբերի ընտրություններից հետո կառավարություն ձևավորել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Յաշար»-ը հայտնել է, որ Այզենկոտը հանդիպել է «Մեր տուն Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ, որից հետո կողմերը համաձայնության են եկել։ Սա ընտրություններից հետո նմանատիպ առաջին դաշինքն է։

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, նոյեմբերի 10-ին երդում է տվել՝ առանց նոր կառավարության ձևավորման։ Հոկտեմբերի 27-ին կայացած ընտրությունների արդյունքում վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կորցրել էր խորհրդարանական մեծամասնությունը՝ ստանալով Քնեսեթի 120 տեղից 53-ը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը տվել է Այզենկոտին, մինչդեռ Նեթանյահուն շարունակում է պաշտոնավարել։

Աջ կենտրոնամետ «Յաշար» կուսակցությունը՝ իր տարբեր քաղաքական ուժերից կազմված կոալիցիոն գործընկերների, այդ թվում՝ Լիբերմանի կուսակցության հետ, ունի ընդամենը 48 մանդատ։ Սակայն այն կարող է դաշնակիցներ գտնել Իսրայելի արաբ փոքրամասնությունը ներկայացնող կուսակցությունների շրջանում, որոնք միասին ունեն 19 մանդատ։

Այզենկոտին մինչև դեկտեմբերի 6-ը ժամանակ է տրվել կառավարություն ձևավորելու համար։ Նրա մանդատը 28 օր է, սակայն նա կարող է խնդրել ևս 14 օրով երկարաձգել ժամկետը։ Եթե նրան չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա այդ հնարավորությունը կստանա Նեթանյահուն։ Եթե նրանցից ոչ մեկին չհաջողվի կառավարություն կազմել, 2027 թվականին երկրում նոր ընտրություններ կանցկացվեն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում