Եվրոպա

Ավստրալիան, Կանադան, Իտալիան և Բրիտանիան կոչ են արել Իսրայելին թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան, Կանադան, Իտալիան և Բրիտանիան կոչ են արել Իսրայելին թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա

Ավստրալիան, Կանադան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը կոչ են արել Իսրայելին թույլ տալ մարդասիրական օգնության անհապաղ և անարգել մուտքը Գազայի ամբողջ տարածք՝ ընդգծելով, որ վերջերս տեղի ունեցած ջրհեղեղները «լրացուցիչ տառապանքներ են պատճառել» այնտեղ բնակվող պաղեստինցիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, չորս երկրների արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հայտարարություն են տարածել՝ հերթական անգամ միջազգային ուշադրությունը հրավիրելով շրջափակման մեջ գտնվող Գազայի ծանր մարդասիրական իրավիճակի վրա։

«Գազայի բնակիչները հուսահատորեն ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունեն։ Մինչդեռ 150000 վրան և կենսական նշանակության այլ պարագաներ պահվում են սահմանին՝ արգելափակելով դրանց մուտքը Գազա»,- նշվել է հայտարարության մեջ։

Երկրները կոչ են արել Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնելու ձգձգումները և թույլ տալու մարդասիրական օգնության անհապաղ, արագ ու անխոչընդոտ մուտքը Գազայի ամբողջ տարածք։

Այս ամիս տեղացած հորդառատ անձրևները քշել-տարել են Գազայի հատվածում տեղադրված տասնյակ հազարավոր վրաններ՝ շատերին թողնելով առանց ապաստարանի։

«Այս իրավիճակը լիովին շտկելի է, և դեռ ժամանակ կա գործելու՝ նախքան ձմեռը լիարժեք կհաստատվի»,-ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը տարիներ շարունակ սահմանափակել է ապրանքների մուտքն ու արտահանումը Գազա, որտեղ բնակվում է ավելի քան 2 միլիոն մարդ։

2023 թվականի հոկտեմբերին Գազայի դեմ պատերազմը սկսելուց ի վեր՝ Իսրայելը պաղեստինյան այս տարածքը ենթարկել է լիակատար շրջափակման՝ սահմանափակելով հասանելիությունը նույնիսկ առաջնային անհրաժեշտության պարագաներին, ինչպիսիք են սնունդն ու ջուրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում