Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին
3 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին եվրոպական երկրների մասնակցության մտադրությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում՝ նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։
«Այսօր երեկոյան Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Եվրոպան ակտիվորեն կներգրավվի այս գործընթացում՝ «Ե5+ԵՄ» ձևաչափով»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նա նշել է, որ միևնույն ժամանակ Եվրոպան Ուկրաինային առավելագույն աջակցություն կցուցաբերի և առավելագույն ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։ Ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ շարունակական ջանքերի համար։
Կողմերը քննարկել են նաև ԵՄ ընդլայնման հարցը՝ ընդլայնման հարցերով եվրոպական ֆորումի նախաշեմին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նրանք կիսել են կարծիքը, որ «ավելի մեծ և ուժեղ միությունը կստեղծի ավելի բարեկեցիկ և անկախ Եվրոպա»։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել էր, որ ԵՄ երկրների առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ քննարկումներին մասնակցող բանակցային խմբի կազմը։ Նրա խոսքով՝ խմբում կընդգրկվեն ԵՄ կառույցների՝ Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև «կամավորների կոալիցիայի» հինգ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Ֆրանսիան։
Իր հերթին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպացիների հետ երկխոսության անհրաժեշտություն կառաջանա, երբ քննարկման առարկա դառնան Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության համակարգի ապագայի հարցերը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ, անդրադառնալով խորհրդակցություններին մասնակցելու ԵՄ ցանկությանը, նշել է, որ եվրոպացիները հասկանում են՝ «գնացքը հեռանում է», և ցանկանում են «նետվել վերջին վագոնի մեջ»։