Եվրոպա

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

3 րոպեի ընթերցում

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ են եվրոպացիների հետ շփումների. Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում նրանց ներգրավելու որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ նրանք ցույց տան խաղաղ գործընթացին նպաստելու իրական պատրաստակամություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկայում՝ արդեն ընդլայնված ձևաչափով, եվրոպացիների մասնակցությամբ։

«Մենք տարբեր մակարդակներում բազմիցս կրկնել ենք, որ Պուտինը պատրաստ է և բաց է ցանկացած շփման համար։ Եթե եվրոպացիներն իսկապես ունեն որևէ մեկին, ով գոնե որոշակի լիազորություններ ունի բանակցելու, և եթե եվրոպացիներն իսկապես նման ցանկություն ունեն, ապա, իհարկե, մենք պատրաստ ենք շփվել», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Երբ հասկանանք նրանց իրական մտադրություններն ու խաղաղ գործընթացին նպաստելու պատրաստակամությունը, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի որոշում կայացնել Ուկրաինայի կարգավորման շուրջ ընդլայնված ձևաչափով երկխոսություն անցկացնելու վերաբերյալ», - հավելել է նա։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել եվրոպացիների հետ շփումներից, այլ եվրոպացիներն են հրաժարվել երկխոսությունից։

Նա նաև հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ բավականին արագ՝ տեսանելի ապագայում։

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ դա տեղի կունենա բավականին արագ՝ արդեն տեսանելի հեռանկարում։ Հենց այդ մասին է խոսվել մեր ամերիկացի բանակցողների հետ, և այդ պատճառով հույս ունենք, որ իսկապես արդեն տեսանելի հեռանկարում բանակցությունները կշարունակվեն», - ասել է Կրեմլի խոսնակը։

Պատասխանելով այն հարցին, թե որտեղ կարող են անցկացվել բանակցությունները, Պեսկովը նշել է, որ «Աբու Դաբիում չափազանց բարենպաստ և հարմարավետ պայմաններ էին ստեղծվել այդ հանդիպումն անցկացնելու համար, և մենք շնորհակալ ենք էմիրաթական կողմին դրա համար»։

Խոսելով Ռուսաստանի բանակցային խմբի կազմի մասին՝ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «կազմը փոխելու որևէ նախադրյալ չկա»։

«Մեր կողմից բանակցողների կազմը կայուն է։ Եթե նպատակահարմար լինի, ապա կազմն ընդլայնելու որոշումը կկայացնի նախագահը», - հավելել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում բանակցություններից հետո նոյեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ, ապա մեկնել Դուբլին, այնտեղ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում