Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աբու Դաբիում կայացած բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության անդամներին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստին՝ ներկայացնելու բանակցությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ես խնդրել եմ այն գործընկերներին, որոնք մեկնել էին Արաբական Միացյալ Էմիրություններ և բանակցություններ վարել ուկրաինական պատվիրակության հետ, այսօր նույնպես գալ և կիսվել իրենց տպավորություններով, դիտարկումներով ու արդյունքներով, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպես են տեսնում Աբու Դաբիում իրենց կատարած աշխատանքը», - օպերատիվ խորհրդակցության սկզբում ասել է Պուտինը՝ խոսքը փոխանցելով պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն։
Մեդինսկուց բացի՝ Աբու Դաբիում բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը։ Ռուսական կողմից ներկա են եղել նաև փորձագետներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում բանակցություններից հետո նոյեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ, ապա մեկնել Դուբլին, այնտեղ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Դուբլինում ամերիկյան թիմը նաև խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։