Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը կախված է Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Զելենսկի

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը կախված է Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հույս ունի այս տարի Ռուսաստանի հետ պատերազմը կարգավորելու շուրջ բանակցություններում հասնել կոնկրետ արդյունքների, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում կորդեգրի Մոսկվայի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Զելենսկին այս հայտարարությունն արել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Աբու Դաբիում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ երկու օր տևած բանակցություններից հետո։

«Մենք ապրում ենք այս լայնածավալ հարձակումների պայմաններում։ Իհարկե, ցանկանում ենք արդյունքների հասնել մինչև այս տարվա վերջը և, բնականաբար, ամեն ինչ կանենք, որպեսզի դա տեղի ունենա։ Շատ բան կախված կլինի նրանից, թե վաղը ինչ ձևաչափով կանցկացվի ամերիկյան և ռուսական կողմերի երկխոսությունը։

Կարծում եմ՝ ամերիկացիների համար նույնպես շատ կարևոր է այս տարի արդյունքի հասնելը՝ հաշվի առնելով այն, ինչ այժմ տեղի է ունենում։ Ինձ թվում է՝ նրանք իսկապես շատ են ցանկանում դա»,- ասել է Զելենսկին։

ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված Աբու Դաբիի բանակցությունները հանգեցրել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ համաձայնության, սակայն պատերազմի ավարտին ուղղված քայլերի վերաբերյալ այլ էական պայմանավորվածություններ չեն հայտարարվել։

ԱՄՆ նախագահի երկու բանագնացները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 12-ին ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու, ինչից հետո կուղևորվեն Դուբլին՝ Զելենսկու հետ հանդիպման նպատակով։

Քուշները նշել է, որ կողմերի միջև վստահություն չկա, սակայն Աբու Դաբիում կայացած բանակցություններն անվանել է «լավ առաջին քայլ»։

Ուկրաինացի բանակցող Դավիթ Արախամիան հայտարարել է, որ բանակցությունները բարդ են եղել, ռուսական պատվիրակությունը ժամանել է «խիստ հրահանգներով», սակայն հանդիպումները նպաստել են մինչև տարեվերջ լուծում գտնելու ուղղությամբ «դրական առաջընթացի» ձևավորմանը։

Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին ռուսական պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ բանակցություններից հետո խաղաղության համաձայնագիրն ավելի մոտ է թվում, սակայն հավելել է, որ շատ բան կախված է Ուկրաինայից և ԱՄՆ-ի դիրքորոշումից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում