Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ
1 րոպեի ընթերցում

Իտալիական ավելի քան 6 հազար ուսումնական հաստատություններ նոյեմբերի 11-ին ստացել են իրենց տարածքում ռումբերի տեղադրման մասին նախազգուշացումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
Անհայտ անձինք էլեկտրոնային նամակներ են ուղարկել երկրի ողջ տարածքում գործող կրթական հաստատություններին։ Հարյուրավոր դպրոցների աշակերտներ և աշխատակիցներ տարհանվել են սակրավորների աշխատանքի ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ահազանգերը կեղծ են եղել։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ սպառնալիքներն, ըստ ամենայնի, միտված են եղել տագնապի և անհանգստության առաջացմանը։ Նա ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել նախարարների մասնակցությամբ։ Նոյեմբերի 12-ին հանդիպում է նախատեսված ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 11-ին համանման նախազգուշացումներ են ստացել նաև Իռլանդիայի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի որոշ դպրոցներ։ Վերջինիս ոստիկանությունը նախաձեռնել է շտապ հետաքննություն, բայց ավելի ուշ հայտարարել է, որ հաղորդագրությունները իրական սպառնալիք չեն ներկայացնում։