Արհեստական բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner
2 րոպեի ընթերցում

Արհեստական բանականությունը (ԱԲ) մինչև 2030 թվականը 1․7 միլիոն աշխատատեղերի զուտ աճ կապահովի աշխարհում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի կանխատեսում է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկաների հետազոտություններ իրականացնող և դրանց վերաբերյալ խորհրդատվական գործունեություն ծավալող ամերիկյան Gartner ընկերությունը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը ԱԲ-ն կստեղծի 10․6 մլն նոր աշխատատեղ, միաժամանակ հանգեցնելով 8․9 մլն աշխատատեղի կրճատմանը։
«Այն կազմակերպությունները, որոնք ամենամեծ առաջընթացն են գրանցել ԱԲ-ի ներդրման գործում, այն չեն դիտարկում որպես աշխատուժին փոխարինող միջոց, այլ համարում են օպերացիոն գործունեության վերափոխման և կադրային ու տեխնոլոգիական կարողությունների վերահավասարակշռման խթան՝ փոփոխվող շուկաներում մրցունակության պահպանման համար»,- Բարսելոնայում կայացած Gartner IT Symposium/Xpo միջոցառման ընթացքում հայտարարել է ընկերության առաջատար վերլուծաբան Հելեն Պուատևենը։
2026 թվականին աշխատաշուկայի վրա ԱԲ ազդեցության առավել նշանակալի գործոններից է եղել 1,3 մլն աշխատատեղերի ստեղծումը հետաձգելու վերաբերյալ ընկերությունների որոշումը։ Բացի այդ, այս տարի կրճատվել է 2․2 մլն, ստեղծվել է՝ 1․6 մլն աշխատատեղ։
Gartner-ի կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը ԱԲ-ի պատճառով աշխարհում աշխատանքից կզրկվի աշխատողների 0․4-1․8 տոկոսը։ Ընդ որում, նրանց ավելի քան 20 տոկոսը կամ մոտավորապես 435․5 միլիոն մարդ, ստիպված կլինի հարմարվել աշխատանքի նոր ձևաչափերի։